
Երկրաշարժից 30 տարի անց Գյումրիում կա 2856 բնակելի տնակ

1988թ. երկրաշարժից 30 տարի անց Գյումրի քաղաքում 2856 բնակելի տնակ կա: Դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած ՀՀ կառավարության արտագնա նիստի ընթացքում այս մասին հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«2856 տնակ կա Գյումրի քաղաքում: Կան մարդիկ, ովքեր ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել, հաշվառվել են ու բնակվում են: 451 տնակում ընդհանրապես մարդ չի բնակվում»,- ասաց Բալասանյանը:
Քաղաքապետի խոսքով՝ 2012թ.-ից սկսած տնակների թիվը նվազում է, բայց վերջնական լուծումն այս տեմպերով երկար կտևի:
«4200 տնակ կար քաղաքում 2012թ., երբ ընտրվեցի, որպես քաղաքապետ: Եթե այսպիսի տեմպերով գնանք, երկար ժամանակ է անհրաժեշտ խնդրի լուծման համար, բայց, եթե միասին աշխատենք ու համագործակցենք, հստակ կասենք վերջնական լուծման թիվը»,- նշեց քաղաքապետը:
ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի արտագնա նիստը նվիրված է 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին: