«Հայաստանի կառավարությունը ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Այս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է եւ հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, եւ մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ Հայաստանը հատկապես կարեւորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: «Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ.-ի միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» եւ ազատ առեւտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաեւ այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առեւտրային գործընկերներն են»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հավելել է, որ  Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

«Մենք նաեւ պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում: Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի եւ Չինաստանի հետ պայմանագրերը որքան հնարավոր է շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունը ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, եւ շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային Ժողովի հաստատմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս