«Հայաստանում հայտարարվող զեղչերը չեն համապատասխանում իրականությանը». Մելիտա Հակոբյան
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի սպառողական շուկայում պարբերաբար հայտարարվող զեղչերը, հատկապես՝ վերջին վեց ամիսներին, թե այս կամ այն խանութը հայտարարել է 100-ից մինչև 50 տոկոս զեղչ, իրականության հետ այդքան էլ կապ չունի։
«100 տոկոս զեղչը նշանակում է, որ տնտեսվարողը զեղչի տակ հայտնված իր այդ ապրանքը պետք է առանձնացնի, և սպառողն այն անվճար վերցնի։ Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստան ներկրվում են ոչ այդքան որակյալ ապրանքներ։ Դրա մեջ մտնում է ինչպես էլեկտրատեխնիկան, այնպես էլ մսամթերքը, որն իբրև ներկրում են Իտալիայից, և շատ ժամանակ ժամկետանց է լինում։ Մի քանի տարի առաջ նախորդ դեսպանն ինձ կանչեց ու առաջարկեց համագործակցել, որպեսզի իրենց անունն այստեղ չխայտառակեն։ Քանի որ Իտալիայում այդպես չէ՝ ապրանքն անորակ չի լինում»,- նշեց Մ. Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կան տնտեսվարողներ, որոնք դրսից ներկրում են ամենաէժանագին ու անորակ ալրային և շաքարային հրուշակեղենը, հատկապես՝ շաքարայինը: «Զարմանում եմ, թե ինչու են նման անորակ հրուշակեղեն դրսից ներկրում, եթե Հայաստանում կան մի քանի լավ արտադրողներ»,- ասաց Մ. Հակոբյանը։
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած «սև ուրբաթին», Մելիտա Հակոբյանը վստահեցրեց, որ այն մեծ մասամբ չի համապատասխանում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող «սև ուրբաթին»։
«Մենք շատ լավ գիտենք, որ եթե, օրինակ, մեքենայի թիվն անցնում է, նրա արժեքն ինքնաբերաբար իջնում է, տնտեսվարողը ստիպված է լինում իջեցված գնով վաճառել, սա իրականությանը համապատասխանում է։ Այսպես բոլոր ապրանքները, որոնց գներն իջեցնում և դնում են «սև ուրաբթի» տակ։ Մեզ մոտ այդպես չէ, շատ լավ գիտեմ, որ մեզ մոտ ապրանքները, որոնք ներկրում են, վաճառում են թանկ գնով։ Ապրանքի գինը բարձրացնում են, հետո, հատկապես Ամանորի նախաշեմին, որ պետք է 10 տոկոս զեղչեն, հանկարծ հայտարարում են 50 տոկոս զեղչ»,- ասաց Մ. Հակոբյանը։
Նա տեղեկացրեց, որ ըստ ՀՀ հարկային օրենսգրքի՝ ապրանքի գինը 20 տոկոսից ավելի նվազեցնելու իրավունք չկա. «Չգիտեմ, թե ինչու են մարդիկ դնում 50-100 տոկոս զեղչ, սա խայտառակություն է, քանի որ իրողությանը չի համապատասխանում»,- հավելեց Մ. Հակոբյանը։
Զվարթ Խաչատրյան