Մերձավանում կենցաղային տեխնիկայի գործարան բացվեց. ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը
Արմավիրի մարզի Մերձավան համայնքում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ կենցաղային տեխնիկայի գործարանի բացումը, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Գործարանը բացվում է հայ-սիրիական և լիբանանյան համագործակցության արդյունքում:
Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատող, տարեկան կարտադրի 126 հազար տեխնիկա: Գործարանի նախնական կապիտալը և գործառնական ծախսերը 4,5 մլն դոլար են:
Կենցաղային տեխնիկայի գործարանի աշխատանքը 3 փուլից է բաղկացած, առաջինը կենցաղային տեխնիկայի հավաքման փուլն է, որը կտևի երկու տարի, ապա կանցնեն տեխնիկայի արտադրությանը, որը կտևի ևս երկու տարի, և չորս տարի անց կգործի գործարանի ամբողջությամբ ինքնավար համակարգը` տրամադրելով կենցաղային տեխնիկա ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրներին:
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ առաջիկա մեկ ամսում աշխատողների մասնագիտական պատրաստությունն են բարձրացնելու, ապա կսկսվի տեխնիկայի արտադրությունն ու արտահանումը:
Սպասելիքներին անդրադառնալով` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ վաղ է սպասելիքների մասին խոսել, և առաջարկեց վեց ամսից գալ և տեսնել, թե ի՞նչ է կատարվում, որպեսզի հասկանան` սպասելիքներն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ:
Ամեն դեպքում, Փաշինյանի խոսքով, գործարանի հիմնադիրների վստահությունը լավատեսություն է ներշնչում:
Անի Կարապետյան