Արփինե Հովհաննիսյանը ոստիկանություն էր գնացել իր հաղորդման առնչությամբ բացատրություն տալու
Այսօր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին հրավիրել էին Կենտրոնի ոստիկանություն։
168.am-ը Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու է հրավիրվել ոստիկանություն, որտեղ անցկացրեց գրեթե մեկ ժամ։
«Ոստիկանություն հրավիրվել էի ինձ ուղղված սպառնալիքի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Հարցին, թե նորի՞ց պետք է գնա ոստիկանություն, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց` դեռ չգիտի: «Այս անգամ գնացել էի իմ հաղորդման առնչությամբ բացատրություն տալու»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 4-ին Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հանցագործություն վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն, պատճառն իր և ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են:
«Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետևողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումներ և մեկնաբանություններ կատարող և տարածող անձանց նկատմամբ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները այս գրառումը կարող են դիտարկել՝ որպես իրենց բոլոր հարթակներից, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջերից, իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումների հեռացման առաջնային ծանուցում։ Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության և գրառման համար՝ հայցեր ներկայացնելով՝ ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական (հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո։ Ես պատրաստվում եմ օգտվել իմ իրավունքների պաշտպանության ողջ իրավական գործիքակազմից՝ ընդհուպ մինչև դիմելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
Հ.Գ. Լինելով քաջատեղյակ միջազգային չափանիշերին, սկզբունքներին, նախադեպերին՝ ես յուրաքանչյուր անգամ պատշաճ ծանուցելու եմ հայհոյանքների համար հարթակ տրամադրած և հարթակ դարձած լրատվամիջոցներին և անձանց, թեև մեր օրենսդրությամբ և ՄԻԵԴ նախադեպերով վիրավորական մեկնաբանությունների հեռացման համար նախապես ծանուցելու պարտականություն սահմանված չէ։
Սրանով լրատվամիջոցները հնարավորություն կունենան ողջամիտ ժամկետներում հեռացնել նման մեկնաբանությունները, որպեսզի որևէ կերպ չխոչընդոտվի նրանց գործունեությունը, և որևէ կերպ չխաթարվի խոսքի ազատությունը։ Ինձ համար խոսքի ազատությունը եղել է և միշտ լինելու է բարձրագույն արժեք, սակայն մի բան պետք է հստակ լինի բոլորի համար՝ հայհոյանքը չի կարող անպատիժ մնալ»,- գրել էր Ա. Հովհաննիսյանը։
Նշենք, որ երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ նրա կողմից ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: «Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը»,- նշվել էր հաղորդագրության մեջ:
Զվարթ Խաչատրյան