Բաժիններ՝

Ի վերջո, «Այբ»-ում չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ. պարզաբանում է Արայիկ Հարությունյանը

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ԿԳ նախարարությունն այլևս չի աջակցելու էլիտար դպրոցներին, «Էլիտար դպրոցներին ԿԳՆ-ն չի աջակցելու, տերմեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»,- ասել էր Ա. Հարությունյանը և  նշել, որ հանձնարարել է, որպեսզի «Այբ» դպրոցում իրականացվի ֆինանսական աուդիտ։

Սակայն որոշ ժամանակ անց  արդեն հայտարարվեց, որ դպրոցում անցկացվում է ոչ թե աուդիտ, այլ ուսումնասիրություններ։

Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի այդ հայտարարությունից անմիջապես հետո «Այբ» կրթական հիմնադրամը բաց նամակ էր տարածել՝ նշելով, որ, եթե ԿԳ նախարարն ակնարկել է «Այբ» դպրոցին, ապա այն որևէ ձևաչափով, երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել, քանի որ այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրամի կարգավիճակով:

««Այբ» դպրոցը կառուցվել է բացառապես հարյուրավոր բարերարների միջոցներով, իր գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքում է բարերարների և ծնողների մասնակցությամբ»,- ասվում էր բաց նամակում։

«Այբի» շուրջ տեղի ունեցած այս աղմուկը, որոշ ժամանակ քննարկվելուց հետո, մարեց։

168.am-ը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, «Այբ»-ում չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ, և ի՞նչ արդյունք են տվել ուսումնասիությունները։

«Մենք մամուլի հաղորդագրություն տարածել էինք և ասել, որ ունեցել ենք պայմանավորվածություն «Այբ» հիմնադրամի հետ՝ ուսումնասիրություններ կատարելու։ Ամսի 30-ին այս ուսումնասիրությունները կատարվել են, ցավում եմ, որ այդ ուսումնասիրությունների ընթացքում էթիկայի կանոնները խախտելով՝ հիմնադրամը որոշ հայտարություններ արեց, որոնք չէին համապատասխանում իրականությանը։ Այդ ուսումնասիրությունը վեր է հանել լրջագույն խնդիրներ, որոնք ամփոփվում են, և կուղարկվեմ հիմնադրամին։ Էթիկայի կանոններից ելնելով՝ այս պահին ես ավելին չեմ ասի»,- ասաց Արայիկ Հարոթյունյանը։

ԿԳ նախարարի պաշտոնակատարի հետ զրուցեցինք նաև մեկ այլ խնդրի մասին, որի մասին բարձրաձայնել էին Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի աշխատակիցները, որոնք  հաղորդագրություն էին թողել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջին՝  նշելով, որ ուսումնարանի 415 սովորողները և 50-ից ավելի աշխատողներ հայտնվել են փողոցում: «Այս մասին բազմիցս տեղեկացրել են ԿԳ նախարարին, որը, մեր կարծիքով, Ձեզ տեղյակ չի պահել։ Այսօր բազմաթիվ ազատ տարածքներ կան, խնդրում ենք, դրանցից գոնե մեկը տրամադրեք ուսումնարանին»,- գրել էին ուսումնարանի աշխատակիցները։

Անդրադառնալով այս խնդրին՝ Արայիկ Հարությունյանը նշեց. «Երեկ կառավարության հետ այս հարցով ունեցել եմ խոսակցություն, Պետգույքին կհանձնարարվի տարածք գտնել արհեստագործական քոլեջի համար»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս