«Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն. դրանք պատժիչ կառույցներ են և պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը». Դավիթ Շահնազարյան
«Ինձ ԱԱԾ էին հրավիրել այն հայտարություններիս առիթով, որ ես նոյեմբերի 27-ին ասել եմ, որ ներկայիս կառավարությունն իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իրականացնում է քաղաքականություն, որը ես ձևակերպել եմ՝ որպես «իշխանություն՝ Արցախի փոխարեն»։
Եթե ես այդ հայտարարությունն արել եմ նոյեմբերի 27-ին, ապա ինչո՞ւ եք հիմա կանչում… Որովհետև երեկ վարչապետը դա հրահանգավորեց։ Երեկ ես իմ ասուլիսում ասել էի, որ, եթե իմ այս ասածներում որևէ բառ չի համապատասխանում իրականությանը, թող վարչապետը գա Հ1-ի ուղիղ եթեր ու այդ սխալներն ասի ինձ։ Ըստ էության վարչապետն ինձ ասել է՝ գնա՝ Արցախի հարցով ԱԱԾ-ում խոսիր։ Ես այսօր էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ներկայիս վարչախումբն իրականացնում է այդ քաղաքականությունը»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Ըստ Դ. Շահնազարյանի՝ այսօրվա հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն իրավական գնահատական է տվել. ինքն իրավական գնահատական առայժմ չի տալիս։ Ինքը տվել է քաղաքական գնահատական և պատասխանատու է իր ամեն բառի համար։
«Էդ ինչի՞ վարչապետը երեկ վախեցավ գա. հո չէ՞ր գալիս ցուցմունք տալու։ Դեռ շուտ է։ Չկասկածեք, ինքը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակով. Սա սպառնալիք չէ, սա խոստում է»,- նշեց Դ. Շահնազարյանը՝ հավելելով, որ ինքը, այնուամենայնիվ, որոշել էր գնալ ԱԱԾ, որովհետև ինքը ղեկավարել այդ կառույցը, և թեպետ դրանից անցել է 23 տարի, ինքը երբևէ այդ կառույցի հասցեին ոչ մի բացասական բան չի ասել։
ԱԱԾ նախկին տնօրենը կարծում է, որ այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն. դրանք պատժիչ կառույցներ են և պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը։ Սա փորձ է՝ վախեցնել այն մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) օգտին։
Նա նաև կոչ արեց քվեարկել ՀՀԿ-ի օգտին, որովհետև համարում է, որ ամեն ձայնը, որ կգնա «Իմ քայլը» դաշինքի օգտին, կլինի կրակոց Արցախի վրա։
Դ. Շահնազարյանի հաջորդ կոչն ուղղված էր իրավապահ համակարգին.
«Մի արեք այնպես, որ դուք էլ նրանց հետ պատասխանատվություն կրեք։ Պիտի պաշտպանեք պետությունը «հեղափոխություն» կոչվող այս չարիքից։ Եվ նման թղթեր այլևս չուղարկեք, որովհետև չկա այլևս ԱԱԾ-ի նկատմամբ իմ ունեցած նախկին վերաբերմունքը։ Կուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել կամ կալանքի օրդեր տալ։ Ինձ և ինձ նման հազարավորների 30 տարի առաջ չկարողացավ կանգնեցնել Խորհրդային Միությունը՝ իր հզոր ՊԱԿ-ով, բանտերով ու իր բանակով։ Խորը շունչ քաշեք ու խելքներդ գլուխներդ հավաքեք։ Այս վարչախմբի կյանքն ավելի կարճ է լինելու, քան դուք կարծում եք։ Մի դարձեք մեղսակից Փաշինյանին»։