«Հայաստանը ոչ մեկին խնդրանքով ու առաջարկությամբ չի դիմել». Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգման մասին

«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով, ոչ էլ առաջարկությամբ չի դիմել։ Մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի հարցի շուրջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հյատարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է հայկական կողմի խնդրանքով։

Ըստ նրա՝ դա տարօրինակ հայտարարություն է։ Սակայն Ն.Փաշինյանը չի պատրաստվում  ՌԴ նախագաի հետ նրա օգնականի հարցերը քննարկել. «Շատ ավելի կարևոր հարցեր կան»,- ասաց նա։

Ն.Փաշինյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով։

Միաժամանակ նա նշեց, որ ինչպես բազմիցս ասել է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում.

Կարդացեք նաև

«Ամենակարևոր հարցը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է: Գլխավոր քարտուղարի կարգավիճակը առանցքային չէ և շրջադարձային չէ։ Կան շատ ավելի լուրջ և կարևոր հարցեր»:

Հարցին, թե Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հանդիպելու դեպքում անպայման քննարկվելու են առաջացած հարցերը. «Իհարկե, պիտի խոսենք մեր հարցերի մասին, բա հո չենք հետաձգելո՞ւ»։

Հիշեցնենք, որ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով: «Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի և դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը և հետաձգել գագաթնաժողովը»,- ասել է Ուշակովը:

Տեսանյութեր

Լրահոս