Դավիթ Շահնազարյանը ժամը 14:00-ին ՀՀԿ գրասենյակում հանդես կգա հայտարարությամբ
ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավոր, և նկատի ունենալով, որ 27.11.2018թ. և 04.12.2018թ. տեղի ունեցած ասուլիսներում Դավիթ Շահնազարյանի հնչեցված հայտարարություններում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր (թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության), նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-177-րդ հոդվածների կարգով հայտարարությունը դիտվել է որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին, որը նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով քննարկվում է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում և ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը: Նշված հաղորդման քննարկման կապակցությամբ Դավիթ Շահնազարյանը գրությամբ ս.թ. դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ հաղորդման կապակցությամբ, ըստ էության, բացատրություն տալու և այն հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու համար:
Միաժամանակ, առաջարկում ենք՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն Դավիթ Շահնազարյանի կողմից հայտնած վերոհիշյալ հնարավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն, ներկայանան ՀՀ ԱԱԾ:
Հաղորդման քննարկման արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելուց հետո»:
Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ հաղորդագրությունից։
Ի դեպ, ԱԱԾ հրավիրելու առիթ է հանդիսացել երեկ Դավիթ Շահնազարյանի կողմից հնչեցված մեղադրանքները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության դեմ։ Նրա այդ ասուլիսից հետո Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ նման հայտարարություններ կատարողներով պետք է զբաղվի ԱԱԾ-ն։
Եվ ահա ԱԱԾ-ն գործի անցավ. Շահնազարյանը հրավիրվեց ԱԱԾ։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանն այդ կապակցությամբ հայտարարեց.
«Ես այսօր ժամը 13:00-ին պատրաստվում էի 5 րոպեով այցելել Ազգային անվտանգության ծառայություն, բայց քանի որ նշյալ գերատեսչությունը առաջ ընկնելով հայտարարություն տարածեց, ուստի ժամանակ չեմ կորցնի և ինքս հանդես կգամ հայտարարությամբ։ Ժամը 14.00-ին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում եմ ՀՀԿ գրասենյակ»։