Բաժիններ՝

Առցանց Dictionary.com կայքն այս տարվա գլխավոր բառ է ընտրել «ապատեղեկատվությունը»

Առցանց Dictionary.com անգլերեն լեզվով կայքն այս տարվա գլխավոր բառ է ընտրել «ապատեղեկատվությունը»։ Իսկ ո՞րն է պատճառը, որ կայքի լեզվաբանները 2018 թվականի համար ընտրել են հենց «ապատեղեկատվությունը»։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Dictionary.com անգլերեն լեզվով առցանց բառարանի լեզվաբան Ջեյն Սոլոմոնն ամեն տարի ընտրում է մի բառ, այն բառը, որն այդ տարի արժանացել է ամենամեծ ուշադրությանը։ Եվ ահա 2018 թվականի համար ընտրվել է այդ բառը։ Դա «ապատեղեկատվություն» բառն է։

Ինչպես լեզվաբանն է ասում, իրենք տարվա ընթացքում նկատել են, որ մարդիկ ավելի շատ որոնել են այն բառերի բացատրությունը, որոնք առնչվում են ճշմարտության ու փաստերի հետ մարդկանց հարաբերություններին։ Այդ պատճառով, ասում է Ջեյն Սոլոմոնը, իրենք սկսեցին քննարկել «ապատեղեկատվություն» բառը։

«Մարդիկ այս բառը ուրիշներին վնաս հասցնելու նպատակով չէ, որ պիտի կիրառեն։ Այն չպետք է կիրառվի նաեւ ապատեղեկատվություն տարածելու նպատակով»,- ասում է նա։

«Ապատեղեկատվություն» բառը նոր եզր չէ, սակայն այն այս տարի կիրառվել է շատ ավելի հաճախ, քան անցած որեւէ տարվա ընթացքում։

Ապատեղեկատվություն տարածելու համար հիմնականում քննադատության են արժանանում սոցիալական լրատվամիջոցները։

Ի դեպ, Dictionary.com կայքէջն իրարից զանազանում է անգլերեն misinformation՝ ապատեղեկատվություն եւ disinformation՝ կեղծ լուրեր բառերը։ Եթե առաջինի դեպքում խոսքը ոչ հավաստի լուրեր տարածելու մասին է, ապա երկրորդը վերաբերում է դիտավորյալ կերպով սուտ լուրեր տարածելուն։

Dictionary.com-ի պատասխանատուներն ասում են, թե իրենք «ապատեղեկատվություն» բառն են ընտրել տարվա բառ՝ որպես գործողությունների դիմելու կոչ։ Նրանք ասում են, որ չնայած մեծ տարբերություն կա ապատեղեկատվության ու կեղծ լուրերի միջեւ, հարկավոր է իրականացնել այնպիսի գործողություններ, որ դադարի ապատեղեկատվության տարածումը։

Ու եթե այս բառը երկար ժամանակ դառնա քննարկումների առարկա, մարդիկ կսկսեն ավելի երկար մտածել այն լուրերը տարածելու մասին, որոնց ճշմարտացիության հարցում ունեն թեկուզ չնչին կասկածներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս