Ինչին է սպասում Ադրբեջանը

«Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կայանում է բանակցային դինամիկան պահպանելու նպատակով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 5-ին հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Այս տարվա վերջին նախարարական հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում:

Բրիտանացի քաղաքագետի կարծիքով՝ հանդիպումը կայանում է բանակցային գործընթացի դինամիկան պահպանելու նպատակով: Նրա խոսքով՝ բոլորն են հասկանում, այդ թվում՝ Ադրբեջանը և համապատասխան դիվանագետները, որ Հայաստանի համար այս անցումային օրերին, երբ ներկայիս իշխանությունը պատրաստվում է ամրապնդել իր իշխանությունն ընտրությունների միջոցով, որևէ լուրջ քայլ չի իրականացնելու կարգավորման գործընթացի ուղղությամբ:

«Վստահ կարելի է ասել, որ էական առաջընթաց բանակցային գործընթացում Միլանում չի գրանցվելու, առավել ևս, երբ սա նախարարների մակարդակով հանդիպում է: Ըստ իս, կարող են քննարկվել Դուշանբեի պայմանավորվածությունները, ընթացիկ հարցերը, որոնք վերաբերում են իրավիճակին շփման գծում, գերիներին: Չի բացառվում, որ նախարարները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մոտավոր ժամկետներ պայմանավորվեն:

Ակնհայտ է, որ որոշակի ընդհատակյա պայմանավորվածություն կամ համատեղ ընկալում կա կողմերի միջև ներկայիս իրավիճակի վերաբերյալ, հենց այդ պատճառով շփման գծում իրավիճակը համեմատաբար խաղաղ է:

Իսկ ինչո՞ւ է խաղաղ, երբ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի համար անընդունելի թեզ են առաջ քաշել բանակցային սեղանին Արցախի մասնակցության վերաբերյալ, քանի որ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ընտրական պրոցեսներից հետո Հայաստանի նոր իշխանությունները  նախկինից տարբերվող բանակցություններ կսկսեն իրենց հետ: Նման ակնկալիք կա նաև ԱՄՆ-ի կողմից, որն արտացոլվեց ԱՄՆ նախագահի խորհրդականի ՀՀ կատարած այցի ընթացքում, երբ Բոլթոնը խոսեց ընտրություններից հետո Ղարաբաղյան հակամարտության գործընթացում առաջընթացի հնարավորության մասին:

Սրան զուգահեռ՝ հայկական կողմը նշում է, որ զիջումներ չեն լինելու, կամ դա որոշելու է ժողովուրդը: Կարծում եմ` իշխանությունների համար ևս դեռ հստակ չէ, թե ինչ ուղիով են գնալու ընտրություններից հետո բանակցային գործընթացում: Այնուամենայնիվ, նկատելի է, որ Արցախյան թեման ակտիվորեն շրջանառվում է այս քարոզարշավի ընթացքում, թեև բանավեճ արտաքին քաղաքական և այլ ծրագրային հարցերի շուրջ, ըստ էության, չկա»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Նրա խոսքով, հետաքրքիր կլինի լսել ՌԴ ԱԳ նախարարի կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման այս փուլի մասին, որը, ամենայն հավանականությամբ, կշոշափվի այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԵԱՀԿ նախարարական հանդիպման մասին:

«Ինչպես հասկանում ենք, կարգավորման գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի և Նահանգների ներկայիս դիրքորոշումներում կա էական տարբերություն: Ռուսաստանն ավելի պասիվ դիրքորոշման մեջ է, իսկ Միացյալ Նահանգները ցանկանում է այս փոփոխության առիթն օգտագործել տարածաշրջանում ամրապնդվելու և իր քաղաքականությունն առարկայացնելու համար: Ըստ իս, ընտրական գործընթացներից հետո կհնչեն իշխանության կողմից հստակ պատասխաններ այս ակնկալիքների վերաբերյալ, իրավիճակն ավելի հստակ կդառնա` կամ կսկսվեն ակտիվ բանակցություններ, կամ իրավիճակը կրկին կվերադառնա նախկին փակուղուն:

«Չեմ կարող ասել, թե որ տարբերակն է ավելի արժանահավատ, և որ ուղիով կընթանան իշխանությունները: Բայց հակված եմ կարծել, որ կողմերը լուրջ զիջումների պատրաստակամություն չեն հայտնելու, ինչը գործընթացը կրկին անելանելի փուլ է մտցնելու: Այս դեպքում արդեն որևէ նշանակութուն չեն ունենա՝ ինչպես Դուշանբեի, այնպես էլ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս