«Սասնա ծռերը» ներկայանում են երկու տարվա հստակ նախընտրական ծրագրով, խորհրդարանը պետք է ունենա երկու տարվա կյանք»». Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները Տավուշի մարզ կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ տավուշցիներին հիշեցրին, որ Հայաստանն այլևս խորհրդարանական կառավարման երկիր է, ուստի պետք է հասկանան, որ առաջիկա ընտրություններով պետք է այնպես անեն, որ խորհրդարանի ներսում ստեղծվեն հակակշիռներ։

«Մենք շատ լավ ենք տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սակայն խորհրդարանում անպայման պետք է լինի հակակշիռ, որը կաջակցի, կբանավիճի մեծամասնության հետ, «Սասնա ծռերը» խորհրդարան են գնում հենց այս նպատակով»,- Սարի գյուղում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշեց կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը։

Աչաջուր համայնքում կուսակցության  նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, «Սասնա ծռերը» ներկայանում են երկու տարվա հստակ նախընտրական ծրագրով, քանի որ առաջիկա խորհրդարանը պետք է ունենա երկու տարվա կյանք։

Նա բնակիչների հետ զրույցում նշեց, որ երկու տարի հետո պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, որի ընդունմանը պետք է մասնակցի ամբողջ հայ ժողովուրդը, փոխվի Ընտրական օրենսգիրքը, որից հետո միայն տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ։

Աչաջուրի բնակիչներից մեկը «Սասնա ծռերից» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են ցանկանում Հայաստանն անջատել Ռուսաստանից և դաշնակցել ԱՄՆ-ի հետ։
Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ իրենց նախընտրական ծրագրում Հայաստանը որևէ կողմ տանելու վերաբերյալ մոտեցում չկա։

«Մենք հայակենտրոն և hայաստանակենտրոն ուժ ենք և ապագայում չենք պատկերացնում Հայաստանին որևէ վերպետական միության կազմում կամ որևէ ռազմաքաղաքական բլոկում։ Սա հեռանկարային ծրագիր է, ինչ վերաբերում է մեր առաջիկա ծրագրին, ապա այնտեղ հստակ նշված է, որ պետք է արժանապատիվ հարաբերություններ հաստատենք բոլոր պետությունների հետ»,- շեշտեց Վ. Ավետիսյանը։

Կուսակցության անդամները եղան նաև Նոյեմբերյան քաղաքում։

«Սասնա ծռերի» համակիրներից Սուրեն Գևորգյանը նոյեմբերյանցիներին վստահեցրեց, որ, եթե տեղի ունենան լավ փոփոխություններ, ապա Հայաստանն ունի բավականին մեծ պոտենցիալ բարգավաճելու։

«Եթե խելամիտ ղեկավարություն լինի, ապա ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի վարելու նորմալ սոցիալ-տնտեսական կյանք։ Մեր բյուջեն 2,3 միլիարդ է, լավ աշխատելու դեպքում այն կարող է հասնել 7 միլիարդի։ «Սասնա ծռերին» ընտրելու դեպքում այս ամենը կլինի»,- ընդգծեց Ս. Գևորգյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս