«Մենք լուծելու ենք այս հարցերը». ՀՅԴ-ն նախընտրական հանրահավաք իրականացրեց Արմավիրում

Հայ Հեղափոխական դաշնակցությունն այսօր նախընտրական հանրահավաք իրականացրեց Արմավիր քաղաքում։ Կուսակցության թեկնածու Արծվիկ Մինասյանը ներկայացրեց մարզում վարկանիշային կարգով առաջադրված 10 թեկնածուներին և հայտարարեց, որ այդ տասնյակից յուրաքանչյուրին տված քվեն իրենց ավելի է մոտեցնում դեպի այն երազանքի Հայաստանին, որի մասին բոլորը խոսում են, բայց որը դեռևս ոչ մեկը չի առարկայացրել։

«Մենք պատրաստ ենք առարկայացնել դա՝ ձեր հետ, ձեր ուժով և միասին»,- ասաց Ա.Մինասյանը։

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն 2 կարևոր հարց է լուծելու՝ Արմավիրից ընտրված պատգամավորը լինելու է ուժեղ պետության կողմը, իր նախաձեռնություններում լինելու է պետությունը հզորացնելու, սահմաններն անվտանգ պահելու և զինվորի հեղինակությունն ու առողջությունը բարձր պահելու դիրքերում, երկրորդ՝ Արմավիրի մարզի բոլոր խնդիրները ներկայացվելու են ԱԺ-ում ու դրվելու են կառավարության առջև՝ մինչև լուծում։

Ա.Մինասյանը նշեց, որ ամբողջ տնտեսությունը պետք է արմատապես փոխել, ստեղծել ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, զարկ տալ ժամանակակից տեխնոլոգիական արդյունաբերությանը. «Դրանում չկասկածե՛ք՝ Արմավիրի մարզից դաշնակցական պատգամավորը տանելու է մինչև վերջ»։

Կարդացեք նաև

Երրորդ կարևոր հարցը, ըստ Մինասյանի, ճանապարհներն են, և այդ հարցը ամեն օր պետք է պահվի կառավարության ուշադրության կենտրոնում։ Ըստ նրա՝ ՀՅԴ-ն նաև ունակ է զարգացման ծրագրերում սփյուռքին ներգրավելու. «Մենք լուծելու ենք այս հարցերը»։

Ա.Մինասյանը խոստացավ, որ ՀՅԴ-ն հեռացնելու է հոգևոր արժեքներին վերաբերող այլասերվածությունը, դուրս է մղելու հայկական ավանդական ընտանիքին վերաբերող մտայնությունները, բանակը քայքայող երևույթները, և դրա փոխարեն՝ ստեղծելու է մի հասարակություն ու պետություն, որտեղ յուրաքանչյուր մանուկ ու երիտասարդ իրենց ապագան հայրենիքում կառուցելու հեռանկար է ունենալու։ Նա կոչ արեց կուսակիցներին՝ իրենց շրջապատում քարոզել Դաշնակցության օգտին։

ՀՅԴ-ի հանրահավաքն ամփոփվեց հայկական ավանդական թխվածքի ու գինու հյուրասիրությամբ։

Տեսանյութեր

Լրահոս