«Արցախը Հայաստանին միացնելու վերաբերյալ նոր հայեցակարգ ընդունելով՝ Հայաստանը կսկսի ամբողջական կերպով գալ հայանպաստ վիճակի». Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը մարզերում նախընտրական քարոզարշավի ժամանակ հաճախ է անդրադառնում Արցախի հարցին, և տարբեր առիթներով կուսակցության անդամները նշել են, որ «Սասնա ծռերը» կոշտ դիրքորշում ցույց կտան ՀՀ իշխանություններին, եթե վերջիններս որոշեն Արցախի հարցում զիջումների գնալ։
168.am–ը «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ մտահոգություններ ունեն Արցախի հարցի հետ կապված։
Ըստ Վ. Ավետիսյանի, Երրորդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը պետք է վերանայվի, քանի որ այն ստեղծվել է առաջին հերթին՝ Արցախն անջատելու մոտեցումներն ամրագրելու նպատակով, իսկ իր խորքերում նպատակ է հետապնդել շարունակելու պահակ լինել Լենին-Աթաթուրք դաշինքով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությանը։
«Պետք է հասկանանք, որ Արցախի փաստացի ազատագրմամբ սկսել ենք վերափոխել տարածաշրջանի ճարատարապետությունը հօգուտ մեզ, սկսել ենք ձևավորվել՝ որպես ազգային պետություն, ազգային գործոն դառնալու լուրջ շանսեր ենք ձեռք բերել։ Միևնույն ժամանակ՝ հենց այդ հնարավորությունը ձեռք բերելուց անմիջապես հետո մենք հրաժարվել ենք նման հնարավորությունից։ Այդ պատճառով էլ մեզ համար առաջացել են ազգային անվտանգության լուրջ սպառնալիքներ, նաև՝ ձևավորվել է կառավարման այնպիսի համակարգ, որ ի վերջո դարձավ ցեղասպանության գործիք և փաստացի բռնագաղթի ենթարկեց մեր ժողովրդի կեսին, մյուս մասին էլ կեղեքեց»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Արցախը Հայաստանի միացնելու վերաբերյալ նոր հայեցակարգ ընդունելով՝ Հայաստանը կսկսի ամբողջական կերպով գալ հայանպաստ վիճակի և լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական։
«Ըստ այդմ կձևավորվի կառավարման համակարգ, քաղաքական դաշտ, մտածողություն, կառողջանա ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, որը կբերի ընդհանուր զարգացման և հզորացման»,- եզրափակեց Վարուժան Ավետիսյանը։
Զվարթ Խաչատրյան