
«Դու փչացնում ես աուրան և ազնիվ մարդկանց, ովքեր շրջապատում են քեզ». Մոուրինիոն՝ Պոգբային

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ (2:2): «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արդյունքին բավականին բուռն է արձագանքել:
Ինչպես գրում է Daily Record-ը, պորտուգալացի մարզիչը բարկացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վրա, ում հետ Ժոզեն երկար ժամանակ կոնֆլիկտ ունի: Ինչպես հաղորդում է աղբյուրը, Մոուրինիոն հանդիպումից հետո Պոգբային ասել է. «Դու չես խաղում: Չես հարգում ո՛չ ֆուտբոլիստներին, ո՛չ երկրպագուներին: Եվ փչացնում ես աուրան և ազնիվ մարդկանց, ովքեր շրջապատում են քեզ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը