«Հայաստանը գտնվում է անցումային փուլում, ուստի պետք է կատարի այդ տրամաբանությանը համարժեք քայլեր». Վարուժան Ավետիսյան

«Աջակցում եմ այս կուսակցությանը, քանի որ նրա մեջ եմ տեսնում այն հնարավորությունները, որն անհրաժեշտ է մեր երկրի համար։ «Սասնա ծռերը» գաղափարական կուսակցություն է, ինչը յուրաքանչյուր կուսակցության հիմքն է, այս կուսակցությունն ունի հստակ պետականակենտրոն, ազգաշեն գիծ։ Այստեղ ներգրավված են բազմաթիվ մարդիկ, որոնք ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել են իրենց նվիրվածությունը սեփական հայրենիքին»,- Կոտայքի մարզի Հրազան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության  համակիրներից քաղաքագետ Արա Պապյանը։

Դիմելով հրազդանցիներին՝ նա կոչ արեց քվեարկել «Սասնա ծռերի» օգտին։

Չարենցավան քաղաքում էլ բնակիչների հետ հանդիպման ընթացքում կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Հայաստանը գտնվում է անցումային փուլում, ուստի պետք է կատարի այդ տրամաբանությանը համարժեք քայլեր, որպեսզի կարողանա դուրս գալ այն մեծ ճանապարհին, որը հետագայում կապահովի երկրի սահուն զարգացումը։

Ինչպես մյուս համայնքներում, այնպես էլ Չարենցավանում Վարուժան Ավետիսյանը շեշտեց, որ «Սասնա ծռերի» կարծիքով՝ այս խորհրդարանը պետք է ունենա երկու տարվա կյանք։

«Սասնա ծռերին» ուղղված բնակիչների հիմնական հարցերը կապված էին աշխատատեղերի ստեղծման հետ:

Նրանք նշեցին, որ Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր գործարանները մաս-մաս քանդել ու վաճառել են, իսկ այսօր եթե լինեն ներդրողներ, ապա Չարենցավանն ունի աշխատատեղերի ստեղծման մեծ հեռանկարներ։

Արա Պապյանը՝ դիմելով չարենցավանցիներին, նշեց, որ գործարաններ թալանողները պետք է պատժվեն, որպեսզի գալիք ղեկավարների համար դաս լինի, որ այդ քայլին այլևս չգնան և երկիրը չթալանեն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս