Իտալացի խորհրդարանականների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ-իտալական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը
Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարթա Գրանդեի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանն ընդգծել է հայ-իտալական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նա համոզմունք է հայտնել, որ դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը, երկուստեք ջանքերով առավել կամրապնդվի և կխորանա:
Նախարար Մնացականյանը պատասխանելով Իտալիայի խորհրդարանականների մի շարք հարցերին` հանգամանալից անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, զարգացման օրակարգի և դրա շարժիչ ուժը հանդիսացող նորարարության և տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող քայլերին:
Զրուցակիցները մտքեր են փոխնակել տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները: