Հոկտեմբերի 7-ից սկսում ենք բողոքի ակցիաներ՝ Շանթ Հարությունյանին արդարացնելու և համաներման պահանջով. Շահեն Հարությունյան

«Նոյեմբերի 5»-ի գործով վեց տարի ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից սկսելու է բողոքի ակցիաներ՝ հորն արդարացնելու և համաներում հայտարարելու պահանջով:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց Շահեն Հարությունյանը:

Նա ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատ արձակելու վերաբերյալ ունի հետևյալ դիրքորոշումը, որ կառավարությունն ունի միայն մեկ լծակ՝ փոխել Շանթ Հարությունյանի պահման ռեժիմը՝ փակից ռեժիմը փոխել բացով:

«Աշխարհում չկա նման բան, որ երկրի ղեկավարը հայտնի, որ երկրում կա քաղբանտարկյալ և քայլեր չձեռնարկի նրան ազատ արձակելու համար: Բացառիկ է, բայց Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի արդարացման գործընթաց սկսելու և առաջարկում է բաց ռեժիմի տարբերակը, որը Շանթ Հարությունյանի կողմից ընդունելի չէ:

Հոկտեմբերի 7-ից սկսում ենք բողոքի ակցիաներ, երթեր, իշխանություններին ներկայացնում ենք մեր պահանջը և փորձում ստանալ պատասխան, բնականաբար խաղաղ ու օրինական ցույցների միջոցով:

Հստակ արձանագրեք, որ մենք իշխանության դեմ չենք ցանկանում դուրս գալ, իշխանության նկատմամբ թշնամանք չունենք, մենք ներկայացնում ենք մեր պահանջը, որովհետև ի վերջո իշխանությունները նրա համար են, որ կատարեն ժողովրդի պահանջները:

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին լինելու եմ Ազատության հրապարակում, ովքեր կարծում են, որ պետք է պայքարեն այս առաջ քաշված խնդիրների համար, կարող են աջակցել մեզ»,-ասաց Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 2014 հոկտեմբերի 17-ին նա դատապարտվել 6 տարվա ազատազրկման։

Տեսանյութեր

Լրահոս