Վայր դրեք համայնքի ղեկավարի ձեր լիազորությունները, կրկին ընտրվեք, եթե ժողովուրդը վստահում է ձեզ. Արարատի մարզպետ
Արարատի մարզպետարանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը մտահոգություն հայտնեց մամուլում տարածված այն տեղեկատվության համար, որ Արարատի մարզպետը պետք է հրաժարական տա, քանի որ նա չի կարողանում ստիպել բնակաչության վստահությունը չվայելող համայնքի ղեկավարներին հրաժարական տալ: «Սիրելիներս, մենք հիանալի գիտենք ՏԻՄ օրենքը: Դուք ընտրված համայնքի ղեկավարներ եք, ընտրված եք հստակ նպատակի համար: Այն համայնքներում, որտեղ բողոքի ալիք կա, բնակիչներն ասում են, որ ղեկավարներն ընտրվել են գումարով, նախկին իշխանությունները միջամտել են, որ այլ թեկնածուներ չլինեն, որ իրենք լինեն միակը, անփոխարինելին, որպեսզի համայնքի բնակչությունը ստիպված լինի քվեարկել միայն իրենց օգտին: Ասում են նաեւ, որ ընտրություններին շատ ցածր մասնակցություն է եղել, եւ այդ մարդիկ դարձել են համայնքի ղեկավարներ»,- ասաց նա, հավելելով, որ այն համայնքի ղեկավարները, որոնք իրենց համայնքներում ունեն շատ ցածր լեգիտիմություն, այսինքն՝ համայնքի բնակիչների կողմից ընդունված չեն, ասում են, որ իրենք ժողովրդի կողմից ընտրված են:
«Ես հետեւյալը կասեմ. եթե դուք վստահ եք եւ կարող եք ապացուցել, որ ժողովուրդը ձեզ ընտրել եւ սիրում է, այդ ժողովուրդը մեկ ամիս հետո էլ ձեզ կընտրի, 5 ամիս հետո էլ: Կարող եք վայր դնել ձեր լիազորությունները, կանցկացվեն արտահերթ ընտրություններ, դուք նորից մասնակցեք ընտրություններին: Այսպիսով, նույն ժողովրդին, իշխանությանը, մեզ ապացուցեք, որ դուք վայելում եք ձեր ժողովրդի վստահությունը, ժողովուրդը ձեզ ընտրել է, եւ իրականում ընտրված եք, այլ ոչ թե նշանակված, կամ ոչ թե ձեր առաջ ճանապարհ է հարթվել, որ դուք դառնաք համայնքի ղեկավար: Ապացուցեք ձեր սեփական բնակչին, որ արժանի եք համայնք ղեկավարելու»,- ընդգծեց մարզի ղեկավարը:
Համայնքի ղեկավարների հստակեցնող այն հարցին, թե ինչ եք խորհուրդ տալիս, Սարգսյանը կրկին ընդգծեց. «Ես խորհուրդ եմ տալիս անցկացնել տեղական վստահության հանրաքվե այնտեղ, որտեղ կա բողոքի ալիք: Այսօր ունենք մի պայթյունավտանգ կետ, դա Ուրցաձոր համայնքն է: Այնտեղ չունենք նույնիսկ վերլուծություն, թե ինչ կարող է տեղի ունենալ: Այն մեր մարզի միակ խոշորացված համայնքն է, եւ կա մեծ դժգոհություն համայնքի ղեկավարից»:
Սարգսյանն ասաց, որ երեկվանից մամուլում տարածված է, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու, նույնիսկ խոսք է գնում այն մասին, որ Վեդու ջրամբար տանող ճանապարհն է փակվելու: Այնտեղ ընթանում է մարզի համար կարեւոր նշանակության շինարարություն:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այն համայնքի ղեկավարները, որոնք չունեն ժողովրդի կողմից վստահություն, շարունակեն ղեկավարել եւ հարուցեն նման խնդիրներ, այսինքն՝ փակվեն պետական եւ միջպետական նշանակության կարեւոր ճանապարհները»,- հավելեց մարզպետը:
Սարգսյանը նշեց, որ թեեւ երկրի առջեւ ծառացած գլոբալ խնդիրներ լուծելու համար Թավշյա հեղափոխության օրերին փակվեցին ճանապարհներ, չի նշանակում, որ մեկ համայնքի ղեկավարի փոփոխության համար իրականացվող դժգոհության ալիքը պետք է հասնի նրան, որ կրկին ճանապարհներ փակվեն: «Համայնքների ղեկավարները պետք է հասկանան, թե ինչից է ժողովուրդը բողոքում, թե իրենց ուզածն ինչ է, եւ թե տարիներ շարունակ ինչ չի արվել, որ պետք է արվեր: Ձեր խնդիրներն ինքներդ գիտեք, ձեզանից լավ ոչ ոք չի ճանաչում ձեզ»,- իր խոսքը եզրափակեց Սարգսյանը:
Ըստ լրատվամիջոցների՝ Ուրցաձորի բնակիչները բողոքի գործողություն են իրականացրել սեպտեմբերի 28-ին՝ փակելով Հայաստան-Իրան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են իրենց խոշորացված համայքնի ղեկավարի հրաժարականը: Ուրցաձորցիներին մոտեցած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հորդորել է գոնե մեկ ժամով բացել ճանապարհը՝ ավտոմեքենաների կուտակումը բեռնաթափելու համար, ինչից հետո ճանապարհը բացվել է:
Լիլիթ Մաճկալյան