«Թե ում է պատկանում, ինձ չի հետաքրքրում». Ազգային պարկի տնօրեն
Սևանի ազգային պարկի վրա է դրված ծանր բեռը՝ քանդել անմիջապես լճի ափին գտնվող կառույցները, ինչը նախատեսվում է Սևանի ծրագրով: Ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն ասում է, որ ինքը պարկի առաջին տնօրենն է, որի ղեկավարությամբ քանդվել են շինություններ: 168.am-ի հարցին ի պատասխան, թե օլիգարխներից կամ նախկին պաշտոնյաներից ում շինություններն են քանդվել, Վ.Գուլանյանն անուններ հրաժարվեց նշել:
Ըստ նրա՝ ինքը կարգադրել է, որ երբ իրեն ներկայացնում են խախտումները, փակ անունները, որպեսզի բոլորի համար գործի արդարությունը. «Թե ում է պատկանում, ինձ չի հետաքրքրում»:
Նա տեղեկացրեց, որ 839 շինություններ են քանդել, դրա եռակի ու քառակին էլ պետք է քանդեն:
«Լավանդայի հատվածում սեփականատերերն են քանդել, բյուջեից միջոցներ չեն ծախսվում քանդելու համար»,- ասաց Վ.Գուլանյանը:
Նշենք, որ լճի ափին են գտնվում և ենթակա են քանդման ՀՀ նախկին ոստիկնապետեր Վլադիմիր Գասպարյանի, Ալիկ Սարգսյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատները, ՀՀԿ ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հյուրանոցային համալիրներն ու առանձնատները: