«ԱԺ-ն հավանություն է տվել արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը. Ժամկետը քաղաքական կոնսուլտացիաների հարց է». Արծվիկ Մինասյան

«Քաղաքական մարմինների օրակարգը պետք է համապատասխանի հանրության օրակարգին և ճշգրտման անհրաժեշտություն կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը և գործադիրի ու օրենսդիրի անհամապատասխանությունը:

Ըստ նրա՝ խորհրդարանաի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրում ամրագրված է մինչև մեկ տարի անցկացնել արտահերթ ընտրություններ. «Խորհրդարանը հավանություն է տվել արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը մեր երկրում: Ժամկետը քաղաքական կոնսուլտացիաների հարց է»:

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կբնորոշի ՀՀԿ-ի դեմարշը, Ա.Մինասյանը պատասխանեց. «Չգիտեմ, դիմեք ՀՀԿ գործընկերներին, որովհետև սևով սպիտակի վրա գրված է՝ մինչև մեկ տարվա ընթացքում պետք է տեղի ունենան»:

«Քաղաքական համաձայնությունն արտահայտվել է կոնկրետ քվեարկությամբ: ԱԺ որոշումը՝ որպես իրավական ակտ, պետք է հարգեն բոլորը»,- ասաց նա:

Ներդրողների սպասումների վերաբերյալ Ա.Մինասյանը նշեց, որ ցանկացած ներդրող երկարաժամկետ ձևով է մտածում և, բնականաբար, իր համար առնվազն միջին ժամկետը 5 տարվա հաշվարկը պետք է տեսանելի լինի, էլ չասած երկարաժամկետ ներդրումների մասով.

«Պոտենցիալ ներդրողների մի մասը հետաքրքրվում է՝ արդյոք լինելո՞ւ են արտահերթ ընտրություններ և արդյոք խորհրդարանը կարո՞ղ է ազդել ներդրումային դաշտի վրա: Այս պահին խորհրդարանը խոչընդոտներ չի ստեղծում, բայց երկարաժամկետ առումով որքան համապատասխանությունը ճիշտ լինի, այքնան ավելի վստահությունը մեծ կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս