Հիմնավորումները դեռ պետք է թարմ լինեն Նիկոլ Փաշինյանի հիշողության մեջ, թե ինչու մայիսի 8-ին ձայն տվեցինք իրեն, այժմ իրավիճակը կտրականապես այլ է․ Արմեն Աշոտյան. Factor․am
Factor․am-ի հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:
– Պարոն Աշոտյան, երեկ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ Հայաստան վերադառնալուց հետո սկսելու է քաղաքական ուժերի հետ բանակցություններ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կրկին ասաց, որ հիմքեր չեք տեսնում ԱԺ լուծարման համար, բայց պատրաստ եք քննարկումների։ ՀՀԿ-ն այդ բանակցություններին մասնակցելո՞ւ է և ի՞նչ առաջարկով:
– Ազգային ժողովի լուծարման առաջարկը նոր չէ, վարչապետը տարբեր պատրվակներով, առիթներով ու հիմնավորումներով փորձում է այս հարցն առաջ տանել։ Կարծում եմ՝ ավելի ազնիվ կլիներ իր կողմից ասել, որ ցանկանում է, որ ԱԺ-ն լուծարվի, որպեսզի երաշխավորի իր քաղաքական վերարտադրությունը։ Սա է իր միակ գերնպատակը․ մնացած բոլոր հիմնավորումները, որ բերում է Նիկոլ Փաշինյանը, դրանք են՝ Երևանի ընտրության արդյունքներ, տնտեսական բարեփոխումներին վերաբերող հիմնավորումներ, լեգիտիմության հետ կապված հարցեր, որևէ քննադատության չեն դիմանում։ Վարչապետը պետք է ասի իրական և ազնիվ պատճառը՝ իր վերարտադրման ցանկությունը։ Իսկ նման անհատական ցանկությունների ձևավորման օրակարգ Հայաստանում ձևավորված չէ։ Բայց քաղաքական կոնսուլտացիաների անհրաժեշտություն երկրում վաղուց է հասունացել, և կարող ենք հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական կոնսուլտացիաների անցկացման պատրվակն են Երևանի ընտրության արդյունքները։ Իսկ թե ինչպիսի հարցեր կլինեն, այդ հանդիպմանն ավելի մոտ շրջանում կարող ենք նաև հրապարակել։ Ամեն դեպքում քաղաքական օրակարգը պետք է լինի բաց, որովհետև մենք էլ հարցեր ունենք առաջադրելու, որ հանրայնացվեն։ Մենք կարծում ենք, որ քաղաքական երկխոսության անհրաժեշտություն կա, իսկ օրենսդիր իշխանության հետ ուլտիմատումների ու ուժի տեսանկյունից գործադիր իշխանության խոսելաոճը Հայաստանին որևէ լավ տեղ չի տանելու և որևէ լավ օրինակ չի ծառայելու ապագա իշխանության լեգիտիմության կամ ժողովրդավարության զարգացման առումով։
– Նիկոլ Փաշինյանը նմանատիպ պնդումներին արձագանքեց ՀՀԿ առաջնորդի հայտնի խոսքերով՝ յա իրո՞ք, հիշեցրեց, որ մայիսի 8-ին էլ էիք նույն բանն ասում, բայց ժողովրդի ճնշման տակ քվեարկեցիք: Հեռանկարը, որ ժողովուրդը ԱԺ-ն կարող է շրջափակել, նկատի առե՞լ եք։
– Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշակի ձայներ տվեց Նիկոլ Փաշինյանին, որ նա դառնա վարչապետ, որպեսզի խուսափեինք երկրում ստեղծված անիշխանության մթնոլորտից և հարցականի տակ չդնեինք պետական ինստիտուտների գոյությունը, երկրի կառավարելիությունն ու անվտանգությունը։ Կարծում եմ՝ այս հիմնավորումները դեռ պետք է թարմ լինեն Նիկոլ Փաշինյանի հիշողության մեջ։ Եվ հասարակության մոտ նույնպես։ Այժմ իրավիճակը կտրականապես տարբեր է․ Նիկոլ Փաշինյանը գործադիր իշխանության ղեկավարն է, Սահմանադրությամբ ունի ոչ միայն բազում իրավունքներ, այլև պարտականություններ ու լիազորություններ, այդ թվում՝ ապահովելու երկրում կարգուկանոնը և իշխանության բոլոր ճյուղերի տարանջատ ու առանձին գործելու համար խոչընդոտներ չստեղծելու սահմանադրական նորմը։ Հետևաբար, այդ զուգահեռները նույնպես քննադատությանը չեն դիմանում, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է և պատասխանատու է բոլոր մարմինների, քաղաքացիների գործունեության, նրանց ազատությունների ու իրավունքների համար։ Հետևաբար, ցավում եմ, որ նման բարդույթով է պարոն Փաշինյանը պատրաստվում գնալ քաղաքական երկխոսությունների։ Դա հարվածելու է Հայաստանի ներսում քաղաքական զարգացումներին և, իհարկե, մեծապես հարվածելու է Հայաստանի իմիջին։ Նաև եվրոպական կառույցներում, սա նույնպես աներկբա է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: