Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց նաև Ղազախստանին. օլիմպիադա
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կրկին հաղթանակ տոնեց 43-րդ օլիմպիադայում:
Բաթում քաղաքում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի թիմը մրցում էր Ղազախստանի հավաքականի հետ: Մեր ընտրանու կազմու հաղթանակ տարավ միայն Լևոն Արոնյանը, իսկ մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հայաստան-Ղազախստան 2,5-1,5:
Տղամարդկանց առաջնությանը հաղթողի տիտղոսի համար կպայքարի 185 հավաքական: Մրցաշարում առաջին դասակարգվածը գործող չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականն է, որի կազմում հանդես են գալու Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Սամուել Շանկլանդը և Ռեյ Ռոբսոնը: Մրցաշարում երկրորդ ամենաբարձր գործակիցն ունի Ռուսաստանի ընտրանին, որի կազմում հանդես են գալիս Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Վլադիմիր Կրամնիկը, Նիկիտա Վիտյուգովը և Դմիտրի Յակովենկոն: Գործակցով երրորդն է Չինաստանի հավաքականը՝ Դին Լիժեն, Յու Յանգի, Վեյ Յի, Բու Սիանջի, Լի Չաո կազմով:
Օլիմպիադայում 4-րդ անգամ կփորձի չեմպիոնի կոչումը նվաճել Հայաստանի հավաքականը: Մեր թիմի կազմում Բաթում են մեկնել Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Թիմի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Օլիմպիադային ուժեղ կազմերով են ներկայացել նաև Հնդկաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Անգլիայի և Իսրայելի թիմերը:
Կանանց մրցաշարում առաջին դասակարգվածն է Ռուսաստանի հավաքականը: Թիմի կազմում հանդես են գալու Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալեքսանդրա Գորյաչկինան, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան և Օլգա Գիրյան: Առաջնությունում 2-րդը գործակցով Ուկրաինան է, իսկ 3-րդը՝ Չինաստանը:
Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա և Սիրանուշ Ղուկասյան: Թիմի գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը: