Բաժիններ՝

Արա Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետջ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-շվեյցարական միջպետական հարաբերություններին՝ նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դրանք զարգացման առավել ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում: Այս համատեքստում ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը նաեւ միջխորհրդարանական մակարդակում, կարեւորել պատգամավորական բարեկամության խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առեւտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման եւ կրթական ծրագրեր, տասնյակից ավելի իրավական փաստաթղթեր ընդգրկող իրավապայմանագրային դաշտ:

Խոսելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մասին՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական եւ եվրասիական շուկաների միջեւ եւ գրավիչ լինել եվրասիական ընդարձակ շուկա առանց մաքսատուրքի մուտք ունենալու հնարավորությամբ հետաքրքրված շվեյցարացի ներդրողների համար:

Որպես Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ջատագով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ այսուհետ եւս ջանքեր կգործադրվեն երկկողմ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմքերի վրա է դրված:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի գործունեությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, զբոսաշրջության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի: Արա Բաբլոյանը մասնավորապես խոսել է Հայաստան-Շվեյցարիա ուղիղ չվերթ ունենալու կարեւորության մասին:

Հանդիպման ավարտին կողմերն առկա բարենպաստ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս