
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ներկայացուցչական ընդունելություն

Ռումինիայում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:
Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, պետական հաստատությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:
Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հայերի միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաև ռումինահայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման հանդիսավոր խոսքով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Նեկուլաեսկուն:
Ընդունելության ընթացքում ներկաներն ունկնդրել են հայկական երաժշտություն՝ ջութակահար Գաբրիել Վոյկու-Անտոնյանի կատարմամբ: Այնուհետև «Վարդավառ» խումբը ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայկական պարեր: