Երկրապահները Սասուն Միքայելյանի թեկնածությունը չեն քննարկում
ԵԿՄ նախագահի պաշտոնի համար միության անդամների շրջանում մինչ այս քննարկվել է միայն մեկ անձի թեկնածություն՝ Արամ Զավենի Սարգսյանի։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե երկրապահները քննարկում են նաև Սասուն Միքայելյանի թեկնածությունը։
Ըստ նրա՝ երեկ ինչ-որ այլ հասարակական կազմակերպություններ, ոչ երկրապահ, ժողով են արել և առաջարկել Սասուն Միքայելյանի թեկնածությունը.
«Բայց միության նախագահի թեկնածությունն առաջադրում են պատվիրակները համագումարում, հետո քվեարկությամբ է որոշվում։ Հիմա ամեն մարդ կարող է մի կարծիք հայտնել, նման մասնավոր խոսակցություններին պետք չէ ուշադրություն դարձնել»։
Հ.Հայրապետյանը նշեց, որ համագումարի անցկացման հարցը կորոշվի վարչության ընդլայնված նիստի ժամանակ, որը նախատեսվում է մինչև այս ամսվա վերջ, իսկ արդեն համագումարում կընտրվի նոր վարչություն, որն էլ կընտրի ԵԿՄ նոր նախագահին։
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանն ինքը դեռ հուլիսին հերքել է, որ ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ ունի: «Ես կմասնակցեմ համագումարին, բայց թեկնածու չեմ առաջադրի, ես ասել եմ դրա մասին, ես իմ դերակատարությունն ունեցել եմ երկրապահում, 2004թ.-ին, որ տեսա, որ երկրապահն ուրիշ ճանապարհով է գնում, դուրս եկա, որովհետև անհնարին էր այդտեղ բան ուղղել»,- ասել էր Ս. Միքայելյանը: