«Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այժմ մենք նոր իմպուլս ենք հաղորդում բոլոր ոլորտներում մեր փոխգործակցությանը». Արսեն Գասպարյան

«Հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով հաջողությամբ շարունակում են զարգանալ  բոլոր ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այժմ մենք նոր իմպուլս ենք հաղորդում բոլոր ոլորտներում մեր փոխգործակցությանը»,- այսօր Մոսկվա-Երևան-Աստանա-Մինսկ տեսամիացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը՝ ներկայացնելով հայ-ռուսական հարաբերությունները։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է հագեցնել երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով ու ծրագրերով և, բնականաբար, ԵԱՏՄ տարածքում զարգացմամբ. «Սա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի տեսլականն է, այլև հայ ժողովրդի կողմից ստացված մանդատ է, որովհետև Երևանում վերջին բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ վարչապետը կրկին անդրադարձել է հայ-ռուսական օրակարգին»։

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի խոսքով՝ ՀՀ-ն պատրաստակամ է ուժեղացնել համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում, Հայաստանն ունի քաղաքական որոշում՝ Սիրիա ուղարկել հայկական բանակի ստորաբաժանում։

Հարցին՝ Մոսկվա իր այցի ընթացքում քննարկվե՞լ է ՀՀ նախկին ղեկավարների հարցը, Ա.Գասպարյանը պատասխանեց, որ ոչ, ինքը ռուս գործընկերների հետ քննարկում է տնտեսական, քաղաքական հարցեր, և վստահություն հայտնեց, որ երկկողմ հարաբերությունները դուրս են գալիս նոր մակարդակի։

«Այսօրվա ՀՀ իշխանությունը ստեղծում է հասարակություն, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, և քրեական գործեր հարուցվում են ոչ թե կոնկրետ անձանց դեմ, այլ  հանցակազմի առկայության դեպքում»,- ասաց Ա.Գասպարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս