«Ալիևը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից և սրել առաջնագծում իրադրությունը. մեր տղաները պետք է զգոն լինեն». Թևան Պողոսյան
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվել, ընդհակառակը, մենք պետք է գիտակցենք, որ Ալիևը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից և սրել առաջնագծում իրադրությունը։ Չեմ բացառում, որ այս շաբաթ ևս լարված լինի առաջնագծում, մեր տղաները պետք է զգոն լինեն։ Մենք մեր անհամաչափ պատասխաններով պետք է Ադրբեջանին խաղաղություն պարտադրենք, զսպենք նրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
«Հույս ունեմ, որ մեր ռազմական տեսլականն առաջ բերելով՝ ցույց ենք տալու, որ միշտ զսպելու ենք Ադրբեջանին։ Ճանապարհը երկար է լինելու, բայց ուշ թե շուտ Ադրբեջանը գալու է, նստելու է բանակցային սեղանի շուրջ և խոսելու է Արցախի հետ»,- ասաց նա։
Անդրադառնալով այսօր առավոտյան ադրբեջանի ՊՆ-ի կողմից հնչած այն հայտարարությանը, որ ադրբեջանական առաջնագծին մոտեցող ցանկացած օբյեկտ կոչնչացվի՝ Պողոսյանը շեշտեց՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը նման հայտարարություն է անում.
«Առաջին անգամ չէ, որ իրենք փորձում են ասել, թե հզոր են։ Մենք էլ մեր վարքագիծն այդպիսին պետք է դարձնենք՝ անառիկ պահելով մեր սահմանները։ Եթե որևէ մեկը փորձի խոցել մեր ռազմական տեխնիկան, ուրեմն՝ պետք է պատրաստ լինենք անհամաչափ պատասխան տալ։ Այս հայտարարությունը միաժամանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը կարողանում է միջազգային մեծ իրադարձության ժամանակ հնչեցնել իր տեսակետը։ Մենք ևս պետք է կարողանանք։ Մենք պետք է փոխենք խաղի կաննոները»։