«Այժմ ամենակարևոր խնդիրն ընդդիմության ձևավորումն է». Սամվել Խուդոյան

Քաղաքագետ Վոլոդյա Հովհաննիսյանը գտնում է, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից պահանջում է միայն մի բան՝ հնարավորինս արագ ավերել նախկինը, իսկ տնտեսական, ռազմական, քաղաքական հաջողությունների ակնկալիքներ չունեն։

Նա պնդեց, թե չի ծայրահեղացնում իրադրությունը, և բանակը, տնտեսությունը, արտաքին քաղաքականությունն այսօր ողբերգական վիճակում են, հաջողություններ չկան, և կա միայն Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունը։

«Եթե ԱԺ ընտրությունները տեղի ունենան հունվարից հետո, Նիկոլ Փաշինյանը պարտություն է կրելու»,- ասաց Հովհաննիսյանը՝ պատճառաբանելով, թե ժողովուրդն արդյունք է պահանջում, և ձմռանը բոլոր սոցիալական հարցերը սրվելու են։

Ըստ նրա՝ եթե արտահերթ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, Ն. Փաշինյանը կունենա ձայների մեծամասնություն։

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ այժմ ամենակարևոր խնդիրն ընդդիմության ձևավորումն է, որն արագ չի լինի, և վտանգ կա, որ նորից կբարձրանա Վանո Սիրադեղյանի հայտնի գաղափարը՝ «մեր դեմ խաղ չկա»։

Ըստ նրա՝ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ երկրում ընդդիմություն չկա, մերժված, տապալված ուժն ընդդիմություն չէ. «Բայց ընդդիմության առկայությունը բնության օրենքների տեսակետից հակադիր ուժերի առկայությունն է, զարգացման հիմքը»։

Հոգեբանի կարծիքով՝ հին ուժերը չեն կարող ընդդիմություն լինել, և պետք է նոր գաղափարական հենքի վրա ձևավորվի նոր կառուցողական ընդդիմություն, որ լցված լինի արդար մարդկանցով, օգտագործի ազգայնական գաղափարախոսությունը՝ կոսմոպոլիտիստական գաղափարախոսությանը.

«Էն, որ հիմա ընդդիմություն են խաղում, դա ընդամենը հին ավազակապետության վերադարձի հետ կապված ինչ-որ ասոցիացիաներ են ժողովրդի մեջ ստեղծում»։

Ս.Խուդոյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է շահագրգիռ լինի առողջ ընդդիմություն ունենալ, որպեսզի լճացում չգնա։

 

Տեսանյութեր

Լրահոս