«ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը լրացուցիչ ձայներ բերեց «Իմ քայլը» դաշինքին». Արմեն Բադալյան

«Անկախ պետականության 30 տարվա ընթացքում սա երրորդ ընտրությունն էր, որ տեղի ունեցավ ազատ, արդար, թափանցիկ սկզբունքով։ Առաջինը տեղի է ունեցել 1991թ., երկրորդը՝ 1999թ. մայիսին, սա երրորդն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն  այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նկատելով՝ ընտրողն ինչպես քվեարկեց, նման արդյունք եղավ։

Բադալյանի խոսքով՝ Երևանում գրանցված 850 հազար ընտրողից մի մասն արտագաղթել է, մյուս մասը՝ այդ պահին քաղաքում չի եղել. «Դրա համար, երբ քննարկվում է այս թեման, պետք է հստակեցնել՝ որքան ընտրող կա, և ըստ այդմ վերլուծություն կատարել։ Եթե իմանաք Երևանի ընտրողների քանակը, կիմանաք էյֆորիայի աստիճանը»։

Թե ինչու նման արդյունք եղավ, Ա. Բադալյանը բացատրեց նրանով, որ քաղաքական թիմերից մեկը ներկայացրեց հեղափոխության, ապագայի գաղափարը, իսկ մյուս թիմերը, ըստ նրա՝ տպավորություն ստեղծեցին, թե պատրաստվում են ընտրվել՝ որպես Երևանի գլխավոր հավաքարար։

«300 հազար մարդ այսօր Երևանում աջակցում է վարչապետին։ Իրենց հեղափոխական զգացմունքայնությունը ծածկեց իրենց թեկնածուի քաղաքական չկայացվածությունը, որովհետև իրենց թեկնածուն քաղաքականապես չկայացած էր, և չգիտենք՝ կկայանա՞ որպես քաղաքական գործիչ, թե՞ ոչ։ Բայց այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ քանի որ իրենց թեկնածուն քաղաքականապես չկայացած էր, դա փոխարինվեց գաղափարով և զգացմունքայնությամբ՝ հեղափոխություն և հակահեղափոխություն։ Եվ այստեղ շատ տեղին էր հեռախոսային գաղտնալսումը (նկատի ունի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը:- Ռ.Մ.)։ Պետք էր ստեղծել նման բան, որ աջակցեր այս թիմի՝ լրացուցիչ ձայն բերելուն։ Հիմա արդեն յուրաքանչյուրն ինքը կարող է մտածել, թե այդ գաղտնալսումն ում կողմից էր, որովհետև բոլորը սկզբում ասում էին, որ սա երկրորդ նախագահի կողմից է, ասում էինք՝ վստա՞հ եք, չե՞ք մտածում, որ դա կարող է նպաստել ընտրարշավի զգացմունքայնությանը։ Կարող ենք ասել, որ դա խիստ նպաստեց մի թիմի ընտրարշավի արդյունքներին»,- ասաց նա։

168.am-ը հետաքրքրվեց՝ ուզում է ասել, որ հենց իրե՞նք էին տարածել այդ ձայնագրությունը։ «Ես չեմ կարող ասել՝ իրե՞նք էին, թե՞ իրենք օգտագործեցին։ Դա էական չէ, բայց դա օգտագործվեց։ Մի քանի օր լրատվական դաշտը քարոզարշավից տեղափոխվեց գաղտնալսում, և դա նպաստեց հակահեղափոխության դեմ պայքարին, սա կարող ենք փաստել»,- ի պատասխան՝ ասաց Արմեն Բադալյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս