«Հեղափոխությունն ավարտելու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ». Նարինե Դիլբարյան

«Հեղափոխությունն ավարտելու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների հարցում գերշտապողականությամբ համակված միակ ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը հույս ունի այդ հեղափոխական խանդավառության ալիքի վրա անցկացնել։

Սակայն, ըստ նրա, դա վտանգավոր է, քանի որ ավագանու ընտրությունների ժամանակ շատ կուսակցություններ ապացուցեցին, որ շատ մեծ հնարավորություն ունեն գրանցվելու կուսակցությունների պատմության թանագարանում։

Լեզվաբանի խոսքով՝ և՛ ՀՅԴ, և՛ «Ժառանգության», և՛ մյուս կուսակցությունների արդյունքներն օբյեկտիվ էին, և մասամբ այս ընտրաքննությունը կարողացավ անցնել ԲՀԿ-ն, որը գուցե առաջին անգամ քարոզարշավով, առանց որոշակի ռեսուրսների կիրառման, հավաքեց 6%-ից ավելի ձայն, որն այս հեղափոխական մթոնոլորտում ԲՀԿ-ի համար որոշակի հաջողություն էր.

«Բայց ակնհայտ է, որ նրանք ունեն ռեստարտի անհրաժեշտություն։ Ընդհանրապես հայոց քաղաքական դաշտը ռեստարտի անհրաժեշտություն ունի, իսկ դրա համար ժամանակ է պետք։ Հին ուժերը զրկվել են վստահությունից, նորերը չկան»։

Ն. Դիլբարյանը նշեց, որ արտահերթ ընտրություններն արդյունավետ չեն լինի հաջորդ տարվա գարնանից շուտ։

Նրա կարծիքով՝ Ն. Փաշինյանին էլ ձեռնտու չեն շուտ ընտրությունները, քանի որ ներկայիս հեղափոխական ալիքը պետք է կարողանա մղել հունի մեջ, որովհետև ալիքը բարձրանալուց հետո իջնում է. «Դա բխում է իր շահերից՝ փրկել կուսակցությունը»։

Տեսանյութեր

Լրահոս