Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ կապված Իլ 20-ի կործանման հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հենց Իսրայելի ռազմաօդային ուժերն են եղել Իլ-20-ի կործանման պատճառ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի լրատվական ծառայությունը:
«Շարունակվել է միջադեպի հանգամանքների քննարկումը՝ հաշվի առնելով այն, որ Իսրայելի զինվորականների կողմից տրամադրած՝ Սիրիայի տարածքում իրենց ավիացիայի գործողության մասին տեղեկատվությունը հակասում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության եզրակացություններին: Ռուսական կողմը գտնում է, որ հենց Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Իսրայելի վարչապետը մեկ անգամ ևս իր ցավակցությունն է հայտնել զինվորականների զոհվելու կապակցությամբ:
Պուտինը շեշտադրում է կատարել առ այն, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության մարտական հնարավորությունների ամրապնդման վերաբերյալ Ռուսաստանի որոշումները համարժեք են ստեղծված իրավիճակին և ուղղված են, առաջին հերթին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներ կատարող ՌԴ զինծառայողների կյանքին ցանկացած հնարավոր սպառնալիքի կանխարգելմանը:
Սեպտեմբերի 17-ին Սիրիայում կործանվել է ռուսական Իլ-20 ինքնաթիռը: