Քանի մանդատ կունենա «Լույս» դաշինքը Երևանի ավագանիում
«Այս ընտրություններին վճռորոշ գործոն էր վարչապետ Փաշինյանի մասնակցությունը, և կարող ենք ասել, որ այն ունեցավ բացարձակ ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ ամփոփելով երեկ կայացած ընտրությունների արդյունքները։
Ըստ նրա՝ ընտությունները տեղի ունեցան ՀՀ ընտրական օրենսգրքի համապատասխան. «Դրանք աննախադեպ լավ անցած ընտրություններ էին վերջին մի քանի տարիների համար և արտացոլում են ժողովրդի քվեարկությունը»։
Դ.Խաժակյանի խոսքով՝ չնայած դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, բայց քանի որ առնվազն 3 ուժ պետք է ներկայացված լինի ավագանիում, ապա իրենց անդամներից 3-ը նույնպես մանդատ կստանան։ Թե ովքե՞ր կաշխատեն ավագանիում՝ այս հարցին Դ. Խաժակյանը պատասխանեց, որ դեռ չեն քննարկել, այս պահին չի կարող ասել։
Հարցին՝ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Դ.Խաժակյանը պատասխանեց, որ կոալիցիա կազմում են, երբ որևէ ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմում իշխանություն ձևավորելու համար, իսկ այս դեպքում կա բացարձակ մեծամասնություն։ Դ.Խաժակյանի խոսքով՝ դեռ վաղ է խոսել՝ «Լույսը» կլինի ընդդիմությա՞ն կարգավիճակում, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 6% է, դաշինքների դեպքում՝ 8 %, սակայն ավագանին պետք է ձևավորվի առնվազն 3 ուժից։ Եթե ընտրական շեմը հաղթահարում է 2 ուժ, ապա երրորդը կլինի այն կուսակցությունը կամ դաշինքը, որի օգտին առավելագույն կողմ քվեարկած ձայներ կլինեն։
ԿԸՀ տվյալներով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով ձայներն առաջատար 3 ուժերի մեջ բաշխվել են հետևյալ կերպ.
«Իմ քայլը» դաշինքը՝ 81,06 տոկոս (294109 ընտրող),
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս (25219),
«Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս (18112)։
Նշենք նաև, որ «Լույսի» առաջին 3 թեկնածուներն են՝ Արտակ Զեյնալյանը, Դավիթ Խաժակյանը և Անի Խաչատրյանը։ Հաշվի առնելով, որ Արտակ Զեյնալյանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել որպես ադարադատության նախարար, մանդատը կստանա դաշինքի 4-րդ համարը՝ Անի Սամսոնյանը։