ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:
«Զանգերի քանակն աննախադեպ էր: Ունեցել ենք 100-ից ավելի զանգեր՝ հիմնականում տեղեկատվական բնույթի: Ամենահաճախը պահանջում էին տրամադրել տեղեկություն ընտրական տեղամասերի գտնվելու վայրի վերաբերյալ: Նաև հարցնում էին, թե ինչ փաստաթղթով պետք է մասնակցել քվեարկությանը»,- ասաց Հակոբյանը:
Իրավաբանական վարչության պետը ներկայացրեց նաև ԶԼՄ-ներում ներկայացված նյութերին ու դրանց ուսումնասիրությունները:
«Ամենահաճախ հանդիպող ենթադրյալ խախտումը, որը ներկայացվել էր, վերաբերում էր կահավորմանը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ դրանց մի մասը չէր համապատասխանում իրականությանը, մյուս բոլոր դեպքերում տեղեկացվել են տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներն ու իրավիճակը շտկվել է: Ընդհանուր առմամբ՝ այն բոլոր տեղեկությունները, որոնք ստուգվել են, շատ հաճախ իրազեկում էին ոչ միայն տեղի ունեցածի մասին, այլև այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը շտկելու կապակցությամբ»,- նշեց Լիլիա Հակոբյանը: