Նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնաբերվել է օրենքի խախտմամբ փակցված մոտ 20 պաստառ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կատարել իրենց սպասարկման տարածքներում, որոնց արդյունքներով հայտնաբերվել է Ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ:
Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը` ամփոփելով Երևանի արտահերթ ընտրություններում նախընտրական քարոզչության ընթացքը: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով նախընտրական քարոզչության գործընթացին վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Թեև նախընտրական քարոզչության սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել քարոզչության սահմանված կարգի խախտման վերաբերյալ դիմումներ, սակայն ԿԸՀ-ի հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կատարել իրենց սպասարկման տարածքներում, որոնց արդյունքներով հայտնաբերվել է Ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ 20 տարբեր պաստառ , որոնք հեռացվել են», -նշեց Գալստյանը:
Նա հիշեցրեց, որ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր փակցնելու համար Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններում առանձնացված են եղել հատուկ վայրեր ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար և ապահոված է եղել հավասար հնարավորություններ: