Բաժիններ՝

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ընդհանուր ընթացքը եղել է օրենքի շրջանակներում. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընդհանուր ընթացքը եղել է օրենսդրական նորմերի շրջանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը նաև ընդգծեց, որ քարոզարշավի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հնարքներ և միշտ չէ, որ դրանք եղել են հաճելի: «Ընդհանուր առմամբ օրենսդրական նորմերի շրջնակներում է եղել, և ամեն քաղաքական ուժ փորձում էր իրեն ներկայացնել որպես հիմնական գործ անողը և որպես քաղաքական ուժ, որը պետք է ստանա քաղաքացիների օժանդակությունը»,- ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարկարովն ընդգծեց, որ ցանկացած նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է առաջատար, և այս անգամ էլ առաջատարի կարգավիճակը հասկանալի էր: Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ո՞վ է լինելու երկրորդ և, գուցե, երրորդ տեղ զբաղեցնող քաղաքական ուժը և որքա՞ն են նրանք ձայն հավաքելու:

Համեմատական անցկացնելով Երևանի ավագանու նախորդ ընտրությունների հետ՝ քաղաքագետը նկատեց, որ ընտրողների մասնակցության աստիճանը մոտավորապես նույնն է: «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նորմալ մասնակցության աստիճան է: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ 1/3-ից ավել մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններում նորմալ է: Այլ հարց է, որ Հայաստանում ընտրությունների մասնակցության վրա կարող էր ազդել ոչ կոնվենցիոնալ ժամանակաշրջանը: Ակնկալիքներ կային, որ մասնակցության աստիճանը լինելու է ավելի բարձ: Բայց որոշ ընտրազանգվածի համար չազդեցին ընտրություններին մասնակցելու կոչերը: Հետևաբար, մասնակցությունը մնաց այն աստիճանի վրա, որը մենք միջինում կարող էինք կանխատեսել այսպիսի ընտրությունների համար»,- մանրամասնեց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարկարովը տեսականորեն ենթադրում է, որ երիտասարդությունը, գուցե, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ավելի ակտիվ, քան նախկինում՝ հաշվի առնելով, որ երիտասարդությունը եղել է նաև վերջին շրջանում բնակչության մոբիլիզացիայի շարժիչ ուժը: «Ակնհայտ է եղել վարչական ռեսուրսի օգտագործման նվազեցումը կամ չօգտագործումը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ակնհայտ է եղել նաև ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններին անմիջապես արձագանքելու միտումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս