
Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել

ՀՀ քննչական կոմիտեն ժամը 20:30-ի դրությամբ ստացել է առերևույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը:
«ՀՀ Քննչական կոմիտեում ժամը 20:30-ի դրությամբ ամփոփվել է Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները: Կարող ենք արձանագրել, որ ժամը 20:30-ի դրությամբ ստացվել են 25 հաղորդում-ահազանգ՝ առերևույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ: Դրանցից 8-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, իսկ 17-ը կրկնակի քվեարկության փորձերին»,- ասաց Սահակյանը:
Նշված բոլոր դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակվող նյութերում նախանշված հանգամանքները պարզելու և դրանց արդյունքներով քրեական գործեր հարուցելու հարցը քննարկելու համար: