«Այդ ամենը կոչվում է ընտրարշավ, այդ ամեն ինչը կոչվում է քաղաքականություն». Հայկ Մարության

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ընտրախախտումների հարցով չի զբաղվում և ահազանգերի վերաբերյալ հարցերը հորդորում է ուղղել շտաբի պետին։  Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով թեկնածուներից մեկի հասցեին հնչող հայհոյանքներին, որում նա մեղադրում է ՔՊ-ին, Հ.Մարությանը նշեց, որ դրանից տեղյակ չէ, բայց վստահ է, որ կոնկրետ իրենց ուժի հանդեպ սև PR-ի շատ էլեմենտներ են օգտագործվել։ Նա խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն։

Նա տեղյակ չէր նաև նախկինում ՀՀԿ-ի համար աշխատած անձանցից, որոնք այս քարոզարշավի շրջանում իր հետ էին շրջում. «Այս օրերին, երբ ես շրջում էի քաղաքում, մեզ միանում էին տարբեր մարդիկ, որոնց 90%-ին ես չեմ ճանաչում, դա մեր ժողովուրդն է, մեր քաղաքացիներն են, և ես իրավունք չունեմ՝ մեկին ասեմ՝ դու միացի, մյուսին՝ ոչ, մարդը իրավունք ունի միանալ մեր քարոզարշավին»։

Հ.Մարությանը հիշեցրեց, թե նախկինում ինչպես էին անցնում ըտնտրությունները՝ ընտրարշավը՝ հանգիստ ու հանդարտ, իսկ ընտրությունները վերջանալուց հետո սկսվում էր ետընտրական պրոցեսը, իսկ այս դեպքում ամեն ինչ հակառակը տեղի ունեցավ, ինչպես լինում է ամբողջ աշխարհում՝ սկզբից գնում է ընտրարշավը, և կրքերը բորբոքվում են. «Իրար վրա ինչ-որ բաներ են գտնում՝ սուտ, ճիշտ, այդ ամենը կոչվում է ընտրարշավ, այդ ամեն ինչը կոչվում է քաղաքականություն, իսկ ընտրություններից հետո արդեն ամեն ինչ հանդարտվում է»։

Ն.Զոհրաբյանի մեղադրանքին, որ ՔՊ-ից զանգում են քաղաքացիներին ու ասում, թե ԲՀԿ-ին չընտրեք, որովհետև նրանց ետևում Ռոբերտ Քոչարյանն է, Հ.Մարությանը հակադարձեց, թե իրեն պետք է հարցնել, ինքը նման տեղեկություն չունի։ Նա նշեց, որ ինքն այս պահին չունի այդպիսի փաստ, որ Քոչարյանն է ԲՀԿ-ի ետևում. «Ես սիրում եմ խոսել փաստերով»։

Դաշինքի քաղաքապետի թեկնածուն պնդեց, որ իրենց թիմը որևէ սահմանը հատող քայլ չի արել։

Տեսանյութեր

Լրահոս