Բաժիններ՝

«Ականատես» դիտորդական առաքելության արձանագրած խնդիրները

«Ականատես» դիտորդական առաքելության շուրջ 160 դիտորդները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնում 80 ընտրատեղամասերում՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Բոլոր դիտորդներն անցել են հատուկ վերապատրաստում և գործելու են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների վարքագծի կանոնների համաձայն՝ հաղորդելով օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն ընտրական գործընթացի վերաբերյալ:

07:34 9/48 Կենտրոն Քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ

Քվեախցիկների ոչ պատշաճ կահավորման արդյունքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը. քվեախցիկների ետևի մասում աստիճաններ են ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի ետևում է տեղադրվել գրատախտակ):

08:13 4/28 Արաբկիր Քվեարկության գաղտնիության խախտում

Քվեախցիկի ետնամասում առկա է դուռ։ Նաև դռան վերևի մասում առկա է բաց լուսամուտ։

08:16 8/15 Շենգավիթ Քվեարկության գաղտնիության խախտում

Դիտորդը հայտնում է, որ տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Այս պահին կնիք արդեն չեն դնում:

08:49 5/10 Դավթաշեն Քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ

Դիտորդը տեղեկացրել է, որ քվեախցիկի հետևում առկա է դուռ, որի վրա կա բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը և վերջինիս խնդրանքին ի պատասխան սկզբում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնվել է և քվեախցիկը տեղափոխվել է:

Ավելի ուշ, Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս