«ԲՀԿ-ն դատի կտա Դանիել Իոաննիսյանին». Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ Աջափնյակի շտաբում կատարված խուզարկությանը և տապալված ասուլիսին։
Նա նախ նշեց, որ երեկ տեղի է ունեցել ԸՕ կոպտագույն խախտում. «Հրավիրվեց ասուլիս Դանիել Իոաննիսյանի կողմից, ով, ի դեպ, շահերի բախում ունի, որովհետև կառավարությունում ԸՕ աշխատանքային խմբի քարտուղարն է։ Այսօր մենք դիմելու ենք վարչական դատարան՝ Իոաննիսյանի գործողությունները վիճարկելու համար։ Հետամուտ ենք լինելու, որ բոլորն օրենքի առջև լինեն պատասխանատու, որովհետև այն, ինչ ասում էր Դանիել Իոաննիսյանը, որ խախտվել է Հարկային օրենսգիրքը և այլ ձևակերպումներ, լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ, մենք իրավական դաշտում հետամուտ ենք լինելու։ Մեր իրավաբանները պարոն Իոաննիսյանի դեմ պատրաստում են վարչական վարույթ»։
Աջափնյակում տեղի ունեցածի մասին էլ նա նշեց, որ քարոզարշավի 12 օրերի ընթացքում կազմակերպված ձևով ԲՀԿ-ի 300-ից ավելի ակտիվիստներ պարբերաբար հրավիրվել են ոստիկանական տարբեր բաժանմունքներ.
«Նրանց ասել են, թե ահազանգ կա, որ իբր կաշառք են բաժանում։ Որևէ ահազանգ չի հաստատվել, 12 օրվա ընթացքում իրենք չկարողացան և չեն էլ կարող ներկայացնել մեկ անձի, որն ընտրակաշառք է բաժանում։ Չկա և չի լինելու ընտրակաշառք։
ՀՀ հպարտ ոստիկանապետ, դիմում եմ ձեզ՝ կա՛մ դուք ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, որը չեք կարող ներկայացնել, որովհետև չկա, կա՛մ հորդորելու եմ ձեզ, որ քրեական պատասխանատվության ենթարկեք սուտ մատնության հոդվածով այն անձանց, ովքեր ահազանգել են, իսկ ես վստահ եմ, որ նման ահազանգ չի եղել։ Պարզապես խնդիր է դրված եղել, մեզ համար արդեն պարզ է՝ ինչ խնդիր են փորձել լուծել։ Ես եղել եմ տարբեր ոստիկանական բաժանմունքներում, շարքային ոստիկաններն իրենք էին ասում՝ հասկանում ենք, տիկին Զոհրաբյան, որ տակը ոչինչ չկա, բայց մեզ ասում են ահազանգ կա, մենք պարտավոր ենք մեր գործը կատարել»։
Զոհրաբյանի խոսքով՝ նման գործողություններով երկու խնդիր են փորձել լուծել. «Խաթարել մեկ ակտիվիստների աշխատանքը, որովհետև ակտիվիստներ կան, ովքեր իսկապես վախեցել են։ Ամուսիններ են եղել, որոնց տարել են ոստիկանական բաժանմունք՝ նշելով, թե մի տարեց տղամարդ ահազանգել է, թե իրեն տվել են ԲՀԿ-ի բուկլետը, ինքը չէր ուզում ԲՀԿ բուկլետը վերցնել։ Դա եղել է ահազանգ, որ այդ տարեց պապիկի անդորրը խախտել են։ Ինչ վերաբերում է նրան՝ ինչու են մեր պատգամավորները և ակտիվիստները մտել Իոաննիսյանի ասուլիսին, դա եղել է քայլ, որ մենք կարողանանք ուղիղ եթերում մեր խոսքը ներկայացնել, հստակ ասել, որ հակաքարոզչություն է իրականացվում լռության օրը»։
Նաիրա Զոհրաբյանը նորից դիմեց ոստիկանապետ Վ. Օսիպյանին. «12 օր դուք փորձեցիք անորսալի Ջոյի նման փնտրել, գտնել մեկին, ով ԲՀԿ անունից ընտրակաշառք է բաժանում։ Դուք փայլուն եք աշխատում, բայց չկա և չի կարող լինել ընտրակաշառք։ Մենք մեր մարզային գրասենյակների սեպտեմբերի ամսվա աշխատավարձերը միտումնավոր չենք վճարել, որ դա ևս այլ կերպ չմեկնաբանվի, ասել ենք՝ հոկտեմբեր ամիսներին կստանաք սեպտեմբերն ու հոկտեմբերը միասին»։