«ԱԱԾ-ն երբևէ չպետք է խառնվի ընտրական պրոցեսների մեջ». Արթուր Վանեցյան
«Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու է նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը, ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ, որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության մեջ»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ շտաբերից մեկում կատարված խուզարկությանը, Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, նա ասաց, որ ԱԱԾ-ն կատարում է իր աշխատանքները՝ իր լիազորությունների շրջանակներում և չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին.
«Եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, վստահ եղեք, որ մենք դա կանենք՝ առանց մի րոպե մտածելու, առանց մի րոպե հապաղելու։ Կապ չունի՝ դա կլինի այս կամ այն թեկնածուի կողմնակիցը, այս կամ այն քաղաքական ուժի կողմնակիցը։ Եթե կլինի մարդ, մարդկանց խումբ, որը կխախտի օրենքը, կկրի իր պատիժը»։
Հարցին՝ թեկնածուներից մեկն ահազանգել է, դա հիմք չէ՞, որ պատկան մարմինները զբաղվեն այդ հարցով, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ այդ պարտականությունները Ոստիկանության վրա են դրված. «ԱԱԾ-ն երբևէ չպետք է խառնվի ընտրական պրոցեսների մեջ։ Եթե մեր Ոստիկանությունն աշխատում է, չեմ կարծում, որ պետք է միջամտենք»։