«Է, թող պահանջի». Վալերի Օսիպյանը՝ իր հրաժարականը պահանջող Նաիրա Զոհրաբյանի մասին
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ Աջափնյակի շտաբում Ոստիկանության կատարած գործողություններին՝ ընդգծելով՝ Ոստիկանության բոլոր գործողությունները բխում էին օրենքի շրջանակներից, ոստիկանները գործել են օրենքով. «Ընթացքի մասին կտեղեկացնենք, փաստերն ուսումնասիրության մեջ են»։
Անդրադառնալով ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե դա սուտ մատնություն է, Ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին, նա հետևյալն ասաց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում, Ոստիկանությունը տիրապետում է ողջ հայաստանյան լրատվաության օպերատիվ իրավիճակին, և ցանկացած գրառում, որ կատարվում է օգտատերերի կողմից, Ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է կատարում։ Եթե ահազանգ ենք ստանում, չգնա՞նք այդ ահազանգերի հետևից»։
Ընտրակաշառքի մասով կան հարուցված քրեական գործեր, համապատասխան վարույթ է իրականացվում։ Թե որ քաղաքական ուժերն են բաժանել, Օսիպյանը չպատասխանեց՝ նշելով, որ դա կդիտվի քարոզչություն։ «Այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է, ընտրությունները նորմալ են ընթանում, խախտումներ չեն հայտնաբերվել»,-ասաց նա։
Օսիպյանի խոսքով՝ նախընտրական շրջանում կոպիտ խախտումներ չեն իրականացվել, Ոստիկանությունն, ըստ նրա՝ կանխարգելիչ գործողություններ է կատարել. «Ես դրական եմ գնահատում ոստիկանության աշխատանքը, այսօր էլ համապատասխան հրահանգավորումներ են եղել»։
Դիտարկմանը՝ Նաիրա Զոհրաբյանը պահանջում էր Օսիպյանի հրաժարականը, ոստիկանապետն այսպես արձագանքեց. «Է, թող պահանջի»։
Ինչ վերաբերում է «Մեդիա կենտրոնի» տապալված ասուլիսին, նա ասաց, որ չի տեսել, ժամանակ չի ունեցել։
Վերջում Օսիպյանը նշեց, որ քվեարկել է հանուն բարեկարգ, գեղեցիկ, օրինապաշտ Երևանի։