«Ամբողջ գիշեր մտածել եմ, թե այս հարցին ինչպես պետք է պատասխանեմ». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ամբողջ գիշեր մտածել եմ, թե այս հարցին ինչպես պետք է պատասխանեմ՝ քվեարկել եմ հանուն ազատ, արժանապատիվ, առաջատար մեր մայրաքաղաքի և հայրենիքի։ Բարի ընտրություն եմ մաղթում մրցակից բոլոր ուժերի թեկնածուներին»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ցուցակագրումների մասին վաղուց են տեղեկատվություն ստացել. «Ես ասել եմ՝ մեկնարկային պահին ոչ բոլորն են պատրաստ իրենց անունները դնել այդ տեղեկատվության դիմաց, բայց իրավապահ մարմինները տիրապետում են այդ տվյալներին։ Կարևորը ոչ միայն ընտրությունների բովանդակությունն է, այլև քաղաքացու վստահությունը դրանց նկատմամբ»։
Նրա խոսքով՝ ուժերից յուրաքանչյուրն ինքնագունավորմամբ է զբաղվել. «Բոլորը հաղթել են այս ընտրությունների իրողությամբ»։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» կողմնակից է։
«Մենք նույնիսկ ցանկանում էինք, որ դրանք ավելի շուտ լինեն, քան քաղաքապետի ընտրությունները։ Մենք կմասնակցենք խորհրդարանական առաջիկա ընտրություններին։ Մենք չենք հրաժարվում կոալիցիոն մոտեցումներից և ելնելով իրավիճակից՝ կկողմնորոշվենք։ Միշտ հակված եղել ենք համագործակցության, դա ենթադրում է մյուս ուժերի համաձայնությունը։ Կտեսնենք՝ այս ընտրություններն ինչպես կանցնեն, և ելնելով իրավիճակից՝ կորոշենք խորհրդարանական ընտրություններին ինչպես մասնակցել»։