Բաժիններ՝

Մենք պետք է ՀՀ քաղաքացիների առջև բացենք նաև Ազգային Ժողովի դռները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել և չեն լինելու: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե հիշում եք, հեղափոխության օրերին, երբ մենք մտնում էինք Երևանի պետական համալսարան, Ռադիոյի շենք, բացում էինք փակ դռները և մեզ հարցնում էին` ինչու էինք դա անում, իսկ մենք պատասխանում էինք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել և չեն լինելու»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ, և կա այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու ևս մեկ քայլ:

«Մենք պետք է բացենք նաև Ազգային Ժողովի դռները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետի նստավայրում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նստավայրի՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք եւ այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: «Մենք հույս ունենք, որ այս դռները այլեւս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլեւս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին, պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- նշել էր ՀՀ վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս