
«Իմ քայլը» հեղափոխության տրամաբանական շարունակությունն է. Հայկ Մարությանը` դաշինքի հավաքին

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Կարապի լճի հարակից տարածքում: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքով` այլևս ոչ-ոք չի կարող ժողովրդից ձեռքից խլել ուրախությունը, հույսը, ազատությունը ու անկախությունը:
«Այսօր մենք նշում ենք անկախության տոնը և այսօր մեր պետությունը ավելի անկախ է, քան երբևէ: Մենք այսօր, իրոք, նշում ենք այդ տոնը, այլ ոչ թե ուղղակի օրացույցի վրա կլորակ անելով՝ ասում ենք, որ անկախ ենք»,- ասաց Մարությանը:
Ըստ Մարությանի` «Իմ քայլը» դաշինքը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է:
«Սիրելիներս, հարազատներ ջան, մենք այսօր ապրում ենք շատ հետաքրքրիր ժամանակահատվածում: Ընտրությունների օրը լինելու է պատմական օր: Այդ օրը վերջին 23 տարվա մեջ առաջին ընտրություններն են, որ այլևս ձեր քվեն ոչ-ոք չի գողանալու և ոչ-ոք չի խլելու: Ձեր քվեն գնալու է ու հասնի ուղիղ իր նպատակին»,- ընդգծեց Մարությանը:
Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, հանդես գալիս Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները: