«Հեղափոխական էյֆորիան և վարչապետի բարձր վարկանիշը խորհրդարանական ընտրությունների ժամանակ չեն լինելու». քաղտեխնոլոգ
«Խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է, որովհետև այնտեղ լրիվ այլ գործոններ են աշխատելու, քան հիմա են աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ կան հեղափոխական էյֆորիան և վարչապետի բարձր վարկանիշը, որոնք իրենց դերակատարությունն ունեն, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քաղտեխնոլոգի խոսքով՝ այդ երկու գործոնները չեն լինելու։
«Բացի դրանից, եթե Երևանի ավագանու ընտրություններին արտաքին միջամտություն չկա, ապա խորհրդարանական ընտրությունների ժամանակ դա միանշանակ լինելու է՝ և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից։ Այստեղ ՀՀԿ-ն չի մասնակցում, բայց խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի, և կարևոր է, թե ինչ կերպարով կմասնակցի՝ բարեփոխվա՞ծ կլինի, թե՞ ինչպես կա։ Սա նույնպես իր ազդեցությունը կունենա։ Բացի այդ՝ չենք կարող ասել՝ ԲՀԿ-ն այս ընտրություններից հետո բարեփոխման ճանապարհով կգնա՞, թե՞ ոչ, կմնա՞ ընտրություններից հետո կառավարության կազմում, թե՞ ոչ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ սկսելու գործընթացին կաջակցի՞, թե՞ ոչ»,- նշեց քաղտեխնոլոգը։
Հետևաբար, ըստ Բադալյանի՝ դժվար է հիմա ասել՝ այն ուժերը, որոնք Փաշինյանին աջակցեցին կառավարություն ձևավորելու գործընթացում, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն այդ աջակցությունը կդրսևորե՞ն, թե՞ ոչ. «Ենթադրում եմ, որ չեն դրսևորի, որովհետև այնտեղ լրիվ այլ գործընթացներ են տեղի ունենալու»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում