«Դա պետական գործառույթների և նախընտրական հարթակների շփոթում է». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«Կյանքում որևէ բան հավասար չէ։ Գուցե քաղաքական դաշտի կանոնակարգումից հետո, 4-5 տարի անց կլինեն հավասար ընտրություններ։ Փոքր շեղումները, որ իրավապահ մարմինների ուշադրության ներքո են, առաջիկա կիրակի կայանալիք ընտրություններն ընթացակարգային, տեխնիկական մեծ քայլ առաջ է լինելու։ Ժողովուրդը պետք է կարողանա այս կամ թերությունն ասել, բայց չկարողանա ասել, որ գողացան այս ընտրությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։

Ըստ նրա՝ «Ժառանգությունը» քարոզարշավի համար շատ քիչ բան արեց նրանից, ինչ կարող էր, քանի որ ժամանակը կարճ էր, բայց հանդիպումները քաղաքացիների հետ օգտակար էր։ Նրա խոսքով՝ քաղաքացիների ազատությունն ավելի կարևոր արժեք է, քան վերջնական թվային արդյունքը։

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ քաղաքացիները քվեարկելու են ներկայիս խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների օգտին, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ ցանկացած քաղաքացի ունի ազատ արտահայտվելու իրավունք, և ինքը հարգում է այդ իրավունքը, նույնիսկ, եթե համաձայն չէ դրա հետ. «Ես ինքս լինեի, դա չէի անի։ Ես համարում եմ, որ դա պետական գործառույթների և նախընտրական հարթակների շփոթում է։ Ես պետք է ուզենայի, որ այդ երկու հարթությունները տարանջատվեին։ Կարծում եմ՝ անհարիր է նոր Հայաստանի արժեքները, արտահերթ ընտրությունները, արդարադատությունը կապել միայն մեկ ցուցակի հաղթանակի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս