Ո՞ր կուսակցությանն են պատրաստվում իրենց ձայնը տալ երևանցիները. «GALLUP International association»-ը ներկայացրեց հետազոտության արդյունքները

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց իրականացրած սոցհարցումների արդյունքները։

Նա նախ նշեց, որ հետազոտության մեթոդը եղել է դեմ առ դեմ հարցումը, մասնակցել է 805 հոգի՝ Երևանի 12 վարչական շրջանից համամասնորեն։ Ըստ նրա՝ հետազոտության ընտրանքային սխալը 3,5 % է։

«Հարցին՝ տեղյա՞կ եք արդյոք, որ նախատեսվում են Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ, եթե այո, նշեք ամսաթիվը, հարցվածների 76․4 %-ը պատասխանել է, որ տեղյակ է՝ նշելով ճիշտ ամսաթիվ։ Իսկ 19․1 %-ը տեղյակ է, որ կայանալու են ընտրություններ, սակայն  դժվարացել է նշել ամսաթիվը։ Միայն 4․4 %-ը տեղյակ չէ, որ Երևանում ավագանու ընտրություն է լինելու։ Հարցին՝ նշեք այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, հարցվածները պատասխանել են․ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն 83․4%, ԲՀԿ 70․7 %, «Լույս» կուսակցությունների դաշինք 28․3%, «Ժառանգություն» կուսակցություն՝  27․3%, ՕԵԿ՝ 26%, ԵԾԿ՝ 24․8%, ՀՅԴ՝ 19․3%»,- ներկայացրեց նա։

Գայանե Դաջունցը, շարունակելով ներկայացնել հետազոտության տվյալներ, տեղեկացրեց, որ քաղաքացիներին եղել է հարց՝ նշեք, թե ովքեր են հանդիսանում Ձեր կողﬕց նշված կուսակցությունների առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածուները։ Պատասխանները հետևյալն են․ 93․9 %-ն իմացել է, որ «Իմ քայլ» դաշինքի թեկնածուն Հայկ Մարությանն է,  ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրբյանին ճիշտ են նշել հարցվածների 83․5%-ը։  Հարցման արդունքները ցույց են տվել, որ  62․4 %-ը հետևում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին՝ 64․7%-ը՝ հեռուստացույցով, 24․9%-ը՝ ֆեսյբուքյան  էջով, 22․5%-ը՝ հանդիպումներ բակերում, համայնքում, 17․9 %-ը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերներ, 8%-ը՝ բուկլետ կամ արտաքին գովազդ, 2․6%-ը՝ ռադիոյի միջոցով։

«Հարցին՝ ծանոթացե՞լ եք արդյոք քաղաքական կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի հետ, հարցվածների 53․8%-ը  նշել է, որ ծանոթացել է։ Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խոսքը նրա մասին չէ, որ վերցրել ու ամբողջությամբ կարդացել են, հնարավոր է՝ որոշակի դրույթների հետ են ծանոթացել։ Թե ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել, պատասխանել  են․ 88․7%-ը նշել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, 51․3 %-ը՝ ԲՀԿ, 17․8 %-ը՝ ԵԾԿ, 15․9%-ը՝ « Լույս» կուսակցությունների դաշինք»,- ասաց Գայանե Դաջունցը։

Ընտրություններին մասնակցության  հետ կապված հարցման արդյունքներն են հետևյալն են․ միանշանակ մասնակցելու են հարցվողների 72․9%-ը, ավելի շուտ մասնակցելու  է 13․7 %-ը, ավելի շուտ չի մասնակցելու՝ 3․6%-ը, հաստատ չի մասնակցելու 8․7%-ը, իսկ 1․1%-ը դժվարացել է պատասխանել։

«Դուք անձամբ ո՞ր կուսակցությանն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը հարցին պատասխանել են․ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 60․6%, ԲՀԿ՝ 9․2%, «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3․4%, ԵԾԿ՝ 1․3%, «Ժառանգություն» կուսակցություն՝ 1․1%, ՀՅԴ՝ 0․8%, ՕԵԿ՝ 0․7 %, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ 0․7%, «Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0․4 %, «ժողովրդավարական ուղի» կուսակցություն և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 0․4 %, «Հայք» կուսակցություն՝ 0․3 %։ Ունենք հրաժարվում եմ պատասխանել տարբերակը՝ 11․6 %, դժվարացել են պատասխանել 8․9%-ը։ Մենք ունենք ցուցանիշներ, որով, եթե հանում ենք «հրաժարվում եմ պատասխանել» ու «դժվարանում եմ պատասխանել» տարբերակները, ապա ստացվում է` 76․3 %`«Իմ քայլը» կուսակցութունների դաշինքին, 11․6 %՝ ԲՀԿ, 4,3 %՝ «Լույս»  կուսակցությունների դաշինքին»,- եզրափակեց Գայանե Դաջունցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս