Գիտե՞ք՝ ով կհաղթի հայ-ադրբեջանական հակամարտությունում
matyan.am-ը գրում է. Թիֆլիսից Երևան ճանապարհին` Մարնեուլի շրջանում, ճամփեզրին տասնյակ ադրբեջանական խանութներ կան։ Հիմնականում լվացքի փոշիներ, քիմմաքրման նյութեր ու կենցաղային խնամքի պարագաներ են վաճառում։ Հայաստան վերադարձող մեր հայրենակիցները սովորաբար կանգ են առնում այդ խանութներում և ով որքան կարող է՝ լվացքի փոշի կամ մանկական տակդիր է գնում։ Չնայած՝ ոչ մի երաշխիք չկա, թե այդ խանութներում վաճառվող ապրանքը կեղծիք չէ, այնուամենայնիվ, ընդունված է համարել, որ այն որակյալ է և մատչելի։
Նման երկու-երեք խանութներում լինելու առիթ ես էլ եմ ունեցել։ Գներն իսկապես թանկ չեն։ Բայց միակ զարմանալի բանը, որ տեսել եմ այնտեղ, հայերեն խոսացող ադրբջանցիներն էին։
– Բարև, ցավդ տանեմ։ Ինչ պետք ա, կտամ, մեծ ախպեր։ Էժանով կտամ, լավը կտամ, – դիմում էր ինձ ադրբեջանցի վաճառականը։
«Շները քեզ ախպեր», – մտածում եմ ես, հարցերով ու պահանջներով մի քիջ տանջում վաճառողին, լսում նրա քծնանքն ու դուրս գալիս խանուից։ Հաջորդ ադրբեջանցու հետ` նույն պատմությունը։ Հետո երրորդը… Հասկանում ես, որ այդտեղ բոլորն են այդպիսին։
Պարզ է, չէ՞, ինչու էր պետք վրաստանաբնակ ադրբեջանցիներին հայերեն սովորել։ Մեզ սիրելուց չէ։ Ոչ էլ քաղաքակրթվելու, մեկ լեզու ավել իմանալու ցանկությունից։ Անգամ թշնամություն անելու համար չէ պետք հայերենը ադրբեջնցիներին։ Ընդամենը գումար աշխատելու համար են լեզու սովորել։ Քծնանքն էլ է դրա համար պետք։ Վստահ եմ` ուրիշ` ավելի նվաստացուցիչ բաների էլ են պատրաստ հանուն այդ երկու կոպեկի…
Բայց դա չէ ամենակարևորը։ Մի քանի օր առաջ հանդիպեցի երիտասարդ մի տղայի, ով վերջերս եղել է նման մի խանութում։ Երբ իմացել է, որ վաճառողն ադրբեջանցի է, զարհուրել է։ «Արա, սրանք կտան ինձ կսպանեն ստեղ», – մտածել ու խանութից դուրս է գնացել։ Իսկ շատերն էլ հանգիստ առևտուր են անում, հետո գալիս և պատմում. «Ախպեր, հարգանքով մարդիկ են` էժան ու որակով ապրանք են տալիս։ Չէ բա մեր քցող հայերի նման, որ սատկած էշ են մանգալիս` նալերը հանեն…»։
Գիտե՞ք՝ ով կհաղթի հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Ճիշտ է` ում ազգային ինքնագիտակցությունն ու հարգանքը ավելի բարձր մակարդակում լինի։ Այլ կերպ չի ստացվի…
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ