
Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտվելուց հետո կհրավիրի բանակցություններ

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ քաղաքացին իրեն կօժտի խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մանդատով: Այդ մասին Արաբկիր վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Երբ ՀՀ քաղաքացիները, հեղափոխության մայրաքաղաք Երևանի բնակիչները տան իրենց ուժեղ մանդատը, ես, դրա վրա հիմնվելով, կհրավիրեմ բանակցությունների խորհրդարանական ուժերի ղեկավարներին, ԱԺ նախագահությանն ու խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու այս հարցը: Բայց ինձ համար կարևոր է, որ այս հարցում ունենամ ձեր ուժեղ աջակցությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը:
«Երևանի ավագանու ընտրություններում մենք պիտի լուծենք համապետական և համազգային խնդիր»,- շեշտեց նա՝ հավելելով, որ հաղթող թիմը մեծ պատասխանատվություն է ստանձնելու: